Այսօր Life.panorama.am-ի զրուցակիցն է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Դերասանուհին, ում վերջին շրջանում հեռուստադիտողը շատ սիրեց «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի Վարդի կոլորիտային կերպարում, տեղեկցրեց, որ հարաբերական լռություն է պահպանելու գրեթե երկու տարի. «Երբ աշխատում ես երկարատեւ մի նախգծի վրա, ինչպիսին հեռուստասերիալն է, որքան էլ կերպարդ շատ սիրվի եւ ընդունվի, կարծում եմ, պետք է հետո որոշ ժամանակ լռել, դադար տալ, որպեսզի նախ ինքդ նոր ուժեր հավաքես նորովի ներկայանալու համար, հետո նաեւ թույլ տաս, որ հեռոսւտադիտողը կարոտի քեզ, այսինքն՝ պետք է չհասնել հոգնեցնելու մակադակի: Դրանից ելնելով, իհարկե, չմոռանալով «երբեք մի ասա ՝ երբեք» հայտնի ասացվածքը, ես որոշել եմ մոտ երկու տարի չզբաղվել հեռուստատեսային նախագծերով, այսինքն՝ հեռուստադիտողը երեւի թե երկու տարի ինձ չի տեսնի էկրաններին. մոտ ապագայում ես եւ հեռուստադիտողը եթերում չենք հանդիպի: Միաժամանակ, իմ սիրելի հեռուստադիտողը իմ խաղը կարոտելու դեպքում կարող է ինձ գտնել չփոփոխվող, միեւնույն հասցեում՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում»,- տեղեկացրեց Լուիզա Ղամբարյանը:
Դերասանուհին նկատեց, որ չնայած կպահպանի հեռուստատեսային պասիվությունը, բայց ակտիվ կլինի թատրոնում. «Թատերասեր հասարակությունը ինձ կարող է տեսնել նոր ներկայացման շրջանակներում: Նոյեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի ամերիկյան դրամատուրգ Նիլ Սայմանի «Համար 707» ներկայացումը, որը բեմադրում է Հրաչյա Հարությունյանը: Այստեղ ինձ հանդիսատեսը կտեսնի երեք տարբեր կանանց դերերում. հյուրանոցի 707 սենյակում բնակվում են երեք տարբեր մարդկային ճակատագրերով կանայք, որոնց երեքին էլ ես ինքս եմ ներկայացնում: Այսինքն՝ այստեղ ապրում է եւ համեստ ու զուսպ կին, եւ չկայացած դերասանուհի, մյուս դեպքում էլ խիստ կայացած, բայց եւ չարացած կին, ում կյանքում սեր չկա. Արդյուքնում միմյանցից առանցքային տարբերվող կանացի կերպարներ կներկայացնեմ, որը հուսամ, հանդիսատեսի բարձր գնահատականին կարժնանա»,- նշեց նա:
Ի պատասխան այն շրջանառվող լուրերին, թե Լուզիա Ղամբարյանին հեռուստադիտողը հնարավոր է տեսնի հաղորդավարուհու դերում՝ դերասանուհին նկատեց. «Այո, նման ծրագրեր կային, բայց հետո ժամանակն ու անելիքները այլ բաներ թելադրեցին եւ այդ մտքերն էլ ժամանակավոր կասեցվեցին»:
Խոսելով խաղընկերնեից՝ Լուիզա Ղամբարյանը նկատեց. «Չկա որեւէ դերասան, որի հետ խաղալու մասին ես երազեմ: Իհարկե, որպես դերասան ես ունեմ իմ կուռքերը, ովքեր հանդիսանում են կինոինդուստրիայի հզոր դեմքերը, բայց ես չեմ կարծում, որ մի օր ինձ կհաջողվի աշխատել օրինակ Ալ Պաչինոյի կամ Ռոբերտ Դե Նիրոյի հետ: Իսկ առհասարկ ես ինձ շատ հաջողակ եմ համարում, քանի որ ունեցել եմ հզոր խաղընկերներ. ես պատիվ եմ ունեցել լինել Վլադիմիր Մսրյանի խաղընկերուհին, հիմա ես մեծ հպարտությամբ խաղում եմ Գուժ Մանուկյանի, Արթուր Ութմազյանի եւ այլ մեծապատիվ դերակատարների հետ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում