▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 200 հնդիկներ Իջևանում գործադուլ են հայտարարել

Իջևանի «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանի մոտ 200 հնդիկ աշխատողներ գործադուլ են հայտարարել։ Նրանք մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում: Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր, որ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնել է, որ աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը ժամանելու է Իջևան՝ կարի արտադրամաս։ «Միրզոյանը հայտնել է, որ օգոստոսի 9-ին Հնդկաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել դեսպանի հետ, ներկայացրել, որ հնդիկ բանվորների հետ առկա են աշխատանքային պայմանագրեր, որտեղ սահմանված են հստակ պայմաններ։ Դրանից հետո բողոքավոր բանվորները արտադրամասի վերաբերյալ արատավորող տեղեկություններ են տարածել համացանցում։ Միրզոյանի խոսքերով՝ արտադրամասի 205 բանվորների մեջ կան թվով 15 սադրիչներ, ովքեր բանվորներին գործադուլի են դրդել, սպառնում են մնացած բանվորներին, նրանց ծեծում, սպառնում, որ Հնդկաստանում ապրող նրանց ընտանիքներին վնասներ կտան»,- գրել էր լրագրողը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր:
Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ծանոթանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ:
Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:
Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее