Ինչպես հայտնում է «МК»-ն՝ օգոստոսի 11-ին, ժամը 5.00-ին Ռյազանի պողոտայում հարբած երիտասարդները, ովքեր ըստ ականատեսների՝ եղել են բանակային կոշիկներով, երկու մարդու են սպանել՝ գարեջրի շուրջօրյա խանութի վաճառողին և առևտրի կետի հաճախորդին, ինչպես նաև վիրավորել են վկային, որը փորձել է չարագործներին բռնել: Նշենք, որ մահացածներից մեկը, ով եղել է գարեջրի կրպակի տերը, ծագումով Հայաստանից 69-ամյա Լյով Քամալյանն է, ում քեռի Լյովա էին անվանում: Տարեց մարդը փողոց է դուրս եկել օդ շնչելու: Առեւտրի կետի ներսում էր քեռի Լյովայի օգնական կինը: Ագրեսիվ երիտասարդները հայի հետ աննշան պատճառով վեճ են հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով ուղիղ սրտին է հարվածել: Նա ակնթարթորեն մահացել է:
Իսկ երկրորդ զոհը ծագումով Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովն է, ում նույնպես սրտին հասցված դանակահարվածով են սպանել:
Այս ամենի ականատեսն է եղել 29-ամյա մոտոցիկլետիստ Ալեքսանդրը, որն անցնելից բղավոցներ է լսել: Նա մոտոցիկլետից իջել է, վազել չարագործների հետևից, փորձել է նրանց բռնել, սակայն ուժերն անհավասար էին՝ Ալեքսանդրին դանակով ուսից են վիրավորել, և նա արդյունքում հետապնդումը դադարեցրել է: Մոսկվացին հանցագործների դեմքերը հստակ տեսել է, նրանք դեմքերը չեն թաքցրել:
Նախնական տեղեկություններով՝ չարագործները կարող են սքինհեդներ լինել, դա է, մասնավորապես վկայում այն փաստը, որ նրանք բանակային կոշիկներով էին՝ սա նրանց ճանաչելու յուրահատուկ նշանն է: Չնայած նախապես հարձակվողներին զինվորականներ են համարել:
Այս պահին ոստիկանությունը զբաղված է հանցագործների փնտրտուքներով, որոնցից մարդասպանը արտաքուստ 30 տարեկան է, հասակը մոտ 165 սմ է:


