▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե մեզ թուրքերի ու ազերիների կողմից պարտադրված աշխարհիկ իշխանությանը պետք է պարտադրվի նաև հոգևոր իշխանություն. Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Փաշինյան-Մաշալյան, Ալիև-Էրդողան քառյակն ընդդեմ հայության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու

Շատ շատերին տարօրինակ պիտի թվա այն ամենը ինչ ես այժմ պետք է շարադրեմ, բայց եթե մենք ազնիվ ենք ինքներս մեր, հանրության, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայրենիքի առջև պետք է անկեղծորեն մեր մտահոգությունները փոխանցենք և՛ մեր հավատավոր ժողովրդին, և՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր սպասավորներին։

Անկեղծորեն պետք է խոստովանեմ նաև, որ ինձ համար ծանր է անդրադառնալ այս թեմային, քանզի խոսքը չի վերաբերվում միայն Հայաստանի այսօրվա իշխանություններին ու նրանց սպասարկող արտաքին ու ներքին ուժերին, որոնց վերաբերյալ մեր կարծիքը միանշանակ ու անթաքույց հայտնել ենք մինչև նրանց կողմից 2018թ․իշխանազավթումը(նրանք հայ ժողովրդի թշնամիներն են), ու նրանց արշավը Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի և այսօր էլ արդեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վաղուց ծրագրավորված և այժմ էլ իրականացվող գործողություն է։

Մեր մտահոգությունն այլ է․ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորներ ինչ դերակատարություն են ստանձնել այս ամենի մեջ և իրականում ինչպիսի մտադրություններ ունեն հետագայի հետ կապված։ Խոսքս կոնկրետ վերաբերվում է Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և վերջին շրջանում նրա դրսևորած «ակտիվությանը»։ Նախ, Փաշինյանի Թուրքիա այցի ժամանակ Պոլսի պատրիարքության կեցվածքը շատ տարօրինակ էր հաշվի առնելով այն, որ Թուրքիայի իշխանությունների կամ նույնիսկ Ստամբուլի նահանգապետի թեթև ակնարկը, որ պատրիարքը կամ որևէ մեկը պետք է դիմավորի Նիկոլ Փաշինյանին բացառվում է, որ մերժվեր։ Մաշալյանի բացակայությունը երկրից վստահ եմ նույնպես տեղի չի ունեցել առանց Թուրքիայի իշխանությունների համաձայնությամբ, այսինքն՝ այդ «խաղը» Մաշալյանի կողմից համաձայնեցված է եղել թե՛ Թուրքիայի իշխանությունների, թե՛ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատճառների մասին կգրենք ստորև։ Շատ տարօրինակ է նաև դրանից հետո Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշաալյանի հայտարարությունը, որն ամբողջությամբ ներկայացնում եմ․

«Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Կաթողիկոսի անձին դէմ կատարուած ցնցիչ պնդումները՝ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեանի կողմէ, համայն հայ աշխարհը խորապէս ալեկոծեց:

Հայ աշխարհի մէջ բոլոր մակարդակներով շարունակուող բուռն վիճաբանութիւնները ահազանգային մակարդակով մտահոգութեանց պատճառ կը դառնան բոլոր անոնց համար որոնք շահագրգռուած են հայկական խնդիրներով: Երբ կը ծաւալին վիճաբանութիւնները, կարգ մը շրջանակներ արդէն խօսելու սկսած են «նոր կաթողիկոս մը» ընտրելու մասին եւ իմ անունս ալ որպէս Կ.Պոլսոյ Պատրիարք հոլովուելու սկսած է կարգ մը անձերու կողմէ որպէս «նոր կաթողիկոսի» թեկնածու՝ արդէն որոշուած իշխանութիւններու կողմէ: Ուստի պարտք կը զգամ պարզաբանելու հետեւեալ ճշմարտութիւնները կանխարգիլելու համար աւելորդ խօսակցութիւնները:

Ա. Մեր հազարամեայ եկեղեցական աւանդութիւնները եւ մեր կղերականի կարգապահութիւնը մեզմէ կը պահանջեն որ մինչ ներկայ կաթողիկոսը Աթոռի վրայ է երբեք չձգտիլ, նոյնիսկ չմտածել նոր կաթողիկոս մը ընտրելու մասին: Ներկայիս մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը: Եկեղեցական դասու բոլոր անդամները եւ համայն հաւատացեալ ժողովուրդը պարտին իրենց ազգընտիր օծեալ Հայրապետին հնազանդիլ, հաւատարիմ մնալ, պաշտպանել ու անոր համար ընդմիշտ աղօթել մինչեւ որ Տէրը կ’արտօնէ իրեն բազմիլ հայրապետական Աթոռին վրայ:

Բ. Այս օրերուն Պարոն Վարչապետի կողմէ սոյն խնդրի արծարծումը յստակ քաղաքական առընչութիւն ունի, յատկապէս ի տես առնելով 2026ին կատարելիք քաղաքական ընտրութիւնները: Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնոյթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ, այդ պարագային մեր դիրքը յստակ թող լինի ամենուն. Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ շահերը եւ անկախութիւնը կը պաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներու դէմ:

Գ. Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի: Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի:

Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ:

«Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» Սաղմոս 85:7,10,12

Խաղաղութիւն ամենեցուն»։

ՍԱՀԱԿ Բ.

ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

Տարօրինակ է, որ Սրբազանը այս «Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեանի կողմէ, համայն հայ աշխարհը խորապէս ալեկոծեց», արտահայտությունից հետո կարող է ինքնակամ չընդունել նույն վսեմաշուք վարչապետին։ Կասեք, որ սա դիմելաձև է, բայց ուշադրություն դարձրեք հայտարարության Ա, Բ, Գ, ենթակետերին և պարզ կդառնա, որ Մաշալյանը Նիկոլի «խիստ հեղափոխական» տարբերակին առաջարկում է այլընտրանք՝ «թավշյա հեղափոխության» տարբերակը։

Լսենք Մաշալյանի բանավոր խոսքը․

 

Հետաքրքիր է, որ Սրբազանի խոսքի մեջ մեղադրանք կա հայերի, ռուսների, ԽՍՀՄ նկատմաբ, որպես Հայ եկեղեցու թշնամիներ, բայց ոչ մի խոսք Թուրքիայի ու թուրքերի արարքների վերաբերյալ։

Ներողություն եմ խնդրում, Սրբազան, Ձեր ելույթներն ու խոսքը կառուցում եք Փաշինյանի նման, գոնե ինձ մոտ այդ տպավորությունն է և ցավ եմ ապրում, որ իմ փորձառությամբ պետք է ավելացնեմ, որ այս ամենը համաձայնեցված է թե՛ Էրդողանի, թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հետ, եթե ես սխալ եմ՝ ոչ ոք դրանից չի տուժի, բայց եթե ճիշտ եմ՝ քավ լիցի․․․

Մի՞թե մեզ թուրքերի ու ազերիների կողմից պարտադրված աշխարհիկ իշխանությանը պետք է պարտադրվի նաև հոգևոր իշխանություն։

Սա հռետորական հարց է, որը կոնկրետ պատասխան է պահանջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее