BlogNews.am-ը գրում է. Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը վերջին շրջանում հաճախ է թարմացնում իր ֆեյսբուքյան էջը նոր լուսանկարներով: Լուսինեն, Ժակը և Գոհար Հայրապետյանն այս ընթացքում ԱՄՆ-ում են։ Լուսինեն պատմել է իրենց մեկնելու նպատակի և Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու մասին:
«Ես շատ եմ ճանապարհորդում գործնական և ուսում նական նպատակներով, բայց իմ մոտակա պլաններում չկար ԱՄՆ-ն, կարծում էի, որ մի օր կտեսնեմ, որպեսզի իմանամ, թե ինչ է իրենից ներկայացնում, բայց հետո, գուցե՝ ավելի ուշ: Մոտ մեկ տարի առաջ ես և Ժակը հրավեր ստացանք մասնակցելու ԱՄՆ պետքարտուղարության կրթության և մշակույթի հարցերով վարչության կազմակերպած «Միջազգային այցելու» (International Visitor Leadership program IVLP) ծրագրին: Թեման ինձ շատ հետաքրքրեց. այն էր, թե ինչպես հասնել սոցիալական բարեկեցության լրագրության միջոցով: Հետաքրքիր էր նաև տեսնել, համեմատել լրագրությունն աշխարհի հետ: Մեծ պատիվ էր մասնակցել IVLP ծրագրին, որը կարծես թե առաջին անգամ էր անդրադառնում այս թեմային: Սա մասնագիտական առումով կատարելագործվելու հիանալի հնարավորություն էր»,-կիսվեց հաղորդավարուհին։
Լուսինեն նշեց, որ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու ցանկություն չունի նույնիսկ լավ առաջարկի դեպքում և անգամ չի էլ մտածել դրա մասին. «Իմ արմատները խորն են գցված այս հողում, իսկ իմ տունն այնտեղ է, որտեղ երեխաներս են և ծնողներս: Լավ առաջարկ ասվածն էլ հարաբերական հասկացություն է: Բայց, օրինակ, Հարվարդի կամ Ստենֆորդի համալսարանում ուսանելու երիտասարդական երազանքս արդեն դարձավ անդիմադրելի ու հանգիստ չտվող: Կուզենայի կրթություն ստանալ հենց այդ երկրում, որտեղ, ի հեճուկս տարածված կարծիքի (որին մինչ այս ես էլ էի հավատում), ինտելեկտի պակաս կա, և չես համեմատի մեր կրթության հետ»:
Հաղորդավարուհին չափազանց տպավորված է իրեն ուղևորությանբ, պատմում է, որ երեք օրը մեկ ինքնաթիռով թռչում էին մի նահանգից մյուսը։ «Ինձ երբեմն թվում էր, թե ամերիկացիներն իրենց երկրով այդքան չեն ճանապարհորդում, որքան մենք... Այցելում էինք ռադիոկայաններ, հեռուստակայաններ, թերթերի խմբագրություններ, որոնց մասին միայն լսել էինք և չէինք էլ համարձակվել երազել, որ մի օր կհայտնվենք այնտեղ... Զարմացնում էր այդ երկրի բազմազանությունը՝ բոլոր տեսանկյուններից: Հասկացա, որ երբեք չի կարելի կարծիք հայտնել մի բանի մասին, որ աչքովդ չես տեսել, այլ միայն լսել ես, նաև, ինչու ոչ, հասկացա այն մարդկանց, ովքեր չեն ուզում վերադառնալ: Բայց ես նախընտրում եմ վերադառնալ և փորձել այստեղ կերտել այդ մթնոլորտը. չնմանակել, իրականում դա հնարավոր էլ չէ, այլ փորձել հասնել քաղաքակրթության այն աստիճանին, որտեղ օրենքը գործում է գրեթե անվրեպ, քաղաքացին, ով ունի հասուն քաղաքացիական գիտակցություն, գրեթե պաշտում է իր սահմանադրությունը և վստահում անվերապահորեն, որտեղ խոսքի ազատությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը լոկ խոսքեր կամ միֆ չեն: Իրականում չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, թե ամեն ինչ իդեալական է, բայց կան բաներ, որոնց մասին մենք երազում ենք, իսկ այնտեղ դա վաղուց իրականություն է, մթնոլորտը ճնշող չէ, թերևս դրա համար էլ չեն ուզում վերադառնալ: Կարծում եմ՝ թողնել-հեռանալը կամ գնալ-հետ չգալն ամենահեշտ բաներն են առաջին հայացքից: Բայց ստացած մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը քո հայրենիքին ավելի ընդունելի է ինձ համար»,-եզրափակեց զրույցը Լուսինեն: