Blognews.am-ը գրում է.
Ժողովրդական երգ՝ ռեփի համադրությամբ. երգչուհի Ալին Գոյանը և ռեփեր Միշոն էքսպերիմենտ են արել։ Շուտով նրանք երկրպագուներին կներկայացնեն Կոմիտասի «Կանչե կռունկ» ստեղծագործությունը, որը Ալինը կկատարի այնպես, ինչպես Կոմիտասն է նոտագրել, իսկ ահա Միշոն կներկայացնի իր հեղինակային խոսքերով հատվածները
Կայքի հետ զրույցում Ալինն ասաց, որ համագործակցության մտահղացումն ու առաջարկն իրենն է, այն տեղ է գտել նախորդ տարի լույս տեսած իր ալբոմում, որտեղ տարբեր մշակումներով ներկայացրել էր Կոմիտասյան ժողովրդական ստեղծագործությունները։
«Ըստ էության՝ դա արդեն Կոմիտաս չէ, որովհետև Կոմիտասն ինքն է ժողովրդական երգերը մշակել և մեներգով են ներկայացրել։ Մենք այդ մեներգերի հիման վրա ստացել ենք մեր ստեղագործությունները, յուրաքանչյուր կոմպոզիտոր այդ երգերը մշակել և գործիքավորել է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ Միշոյի հետ ներկայացրել ենք «Կանչե կռունկ» ստեղծագործությունը, որը գործիքավորել է Սերժոն՝ հնարավորինս պահպանելով օրիգինալ տարբերակը։ Ես երգում եմ այնպես, ինչպես նոտագրել է Կոմիտասը, այստեղ ուղղակի ավելացել են Միշոյի հեղինակային խոսքերով հատվածները»,- նշեց երգչուհին։
Դիտարկմանը, որ Միշոյի կերպարն այլ կերպ է ընկալվում հանրության կողմից, ռեփի համադրությամբ ժողովրդական երգի մատուցումն անսովոր կլինի, Ալինը պատասխանեց, որ դրանում էլ կայանում է անակնկալը։ Ըստ նրա՝ բավականին հետաքրքիր գործ է ստացվել. «Մենք այս ստեղծագործության մեջ ներդրել ենք սոցիալական այն խնդիրները, որոնք այսօր առկա են։ Տեսահոլովակում այդ ամենը կերևա։ Երգը դեռ չկա համացանցում, քանի որ ցանկանում ենք անպայման տեսահոլովակով ներկայացնել։ Կարծում եմ՝ այդպես միտքն ավելի լավ կհասնի ունկնդրին»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ եթե ամեն բան հարթ ընթանա, նախատեսում են աշնանը թողարկել տեսահոլովակը։ Թե ով կնկարահանի տեսահոլովակը, Ալինն ու Միշոն դեռ չեն կողմնորոշովել, սակայն սյուժեի գաղափարն արդեն ունեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում