Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը:
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկականօգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել ենքրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


