Օրերս համացանցային քննարկումների գլխավոր հերոսուհին ասմունքող Լիանա Զուրաբյանն էր: Նրա և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հաշված ժամերի ընթացքում համացանցում ամենադիտվածը և քննարկվածն էր: Այդ օրերին ասմունքողը Asekose.am-ի հետ զրույցում արտասվելով խնդրում էր մարդկանց իրեն հանգիստ թողնել և նշում, որ իրեն միայնակ է զգում: Այսօր պատկերն այլ է. Asekose.am-ին բավական ուրախ տրամադրությամբ Լիանա Զուրաբյանը հայտնեց, որ ամեն ինչ արդեն կարգավորվել է:
«Հիմա ավելի հանգիստ եմ: Մարդկանց ջերմ մոտեցումն արտերկրից, ինչպես նաև այստեղից օգնեցին հաղթահարել այդ ամենը:Կայացած մարդիկ ինձ անձնապես էին գրում, իսկ ովքեր գրառումներում են ինձ անդրադառնում, չեմ ուզում իրենց վիրավորել՝ բոլորն էլ լավն են: Չեմ թերագնահատում նրանց, համենայն դեպս` վատ բաները չէի կարդում, լավով եմ լցվել, իսկ լավն ինձ մոտ միշտ ավելի շատ է: Ես նայում էի իմ էլեկտրոնային փոստին, որում միլիարդավոր նամակներ էին ինձ ուղղված, այդ թվում՝ արտերկրից: Հիմա էլ դրսից հրավերներ ունեմ, այդ ամենն էլ ինձ ոգևորեց»:
Դիտարկմանը, եթե բացասական մեկնաբանությունները նախկինում չի կարդացել, ապա ո՞րն էր նրա արցունքների պատճառը, ասմունքողը նշեց հետևյալը.
«Վատ մեկնաբանությունները չէի կարդում, պարզապես ամեն անգամ, երբ ֆեյսբուքում էի լինում, տեսնում էի իմ մասին վատ վերնագրեր, այդ մի նախադասությունն էլ կարող էր ինձ հունից հանել: Երբ կարդում էի, որ մարդիկ գրում էին` ուժեղ լինեմ, դա էլ չէի հասկանում, որովհետև մտածում էի, թե ինչ վատ բան եմ արել, որ պետք է ամուր լինեմ»:
Լիանան այդ օրերի ընթացքում հայտնել էր Հայաստանը լքելու ցանկության մասին, սակայն հիմա այլևս նման նպատակ չունի, եթե երկրից բացակայի էլ, ապա միայն արտերկրում ելույթ ունենալու նպատակով:
Զրույցի վերջում Լիանա Զուրաբյանին հարցրինք՝ արդյո՞ք իր համար բավական ծանր ժամանակաշրջանում որդու հորից սատարում ստացել է, թե՞ ոչ, Լիանան բացասական պատասխան տվեց.
«Ոչ, նման բան չկա, նրան հայր ասել չի կարելի, նա պարզապես տղամարդ է, ով ապրում է իր կյանքով: Իմ Լևոնը-Արշակը հզոր տղա է, ով իմ խնամակալության ներքո է»:
Հեղինակ՝ Ա. Գրիգորյան
Կարդացեք նաև՝
Լիանա Զուրաբյանի և ՃՈ տեսուչների հանդիպման տեսանյութն ամբողջությամբ` առանց մեկնաբանության
Այո, «6-րդ զգայարան»-ի Գաբրիելը սիրահարվել է ինձ. Լիանա Զուրաբյան
Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար. Լիանա Զուրաբյան