Armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:
Վիճաբանություն է սկսվել Խանդոյանի, դատախազի եւ դատավորի միջեւ, այն ժամանակ, երբ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների վերաբերյալ առարկություններ է հայտնել:
Դատախազի՝ Խանդոյանին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկելու հետ կապված լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդության անդրադարձին, ըստ որի՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հետաքննող մարմիններ են, Խանդոյանը սկսել է գոռգոռալ, թե ինքը հայտարարություն ունի անելու: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարության իրավունք չի տվել, սակայն Խանդոյանը շարունակել է պահանջել: Դատավորը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել՝ նախազգուշացման տեսքով: Խանդոյանը նորից ասել է, որ հայտարարություն պետք է անի, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել:
Նա հրամայել է կարգադրիչներին դուրս հանել Խանդոյանին: Խանդոյանը չի ենթարկվել, եւ ավելի է բորբոքվել, երբ նրան փորձել են ձեռքերից քաշելով հեռացնել նիստերի դահլիճից: Արարատ Խանդոյանը, սակայն չի հանդարտվել, նա շարունակել է ներկայացնել իր առարկությունները` նշելով, որ այդ քրեական գործում ամեն ինչ պարզից էլ պարզ է, եւ եթե դատարանը շարունակում է իրականությունը չտեսնել, ապա ինքը «թքած ունի այդպիսի դատարանի վրա»:
«Ես հայտարարություններ ունեմ, ինձ մի ընդհատեք, մինչեւ հայտարարություն չանեմ, դուրս չեմ գա դատական նիստերի դահլիճից: Էս շինծու քրեական գործ է, ոստիկանությունը կիրառում է գործողություն ժողովրդի հանդեպ, բայց դատում են էս գործով, այն դեպքում, երբ ամեն ինչ ակնհայտ է: Փոխանակ դատավորը էս գործը բեկանի, մի հատ էլ դատախազությանը սանկցիա տա մի հատ էլ կանգնել ինձ էլ... Ուրեմն, եթե սանկցիա են կիրառում իմ վրա` թքած ունեմ նման դատարանի վրա, սա դատարան չի»,- ասել է նա եւ հեռացել՝ միաժամանակ դիմելով պաշտպանին զգուշացրել, որ եթե առանց իրեն մասնակցի դատական նիստին, կհրաժարվի նրա ծառայությունից։
Ի վերջո, ասել է, որ թքած ունի այս դատարանի վրա եւ թքելով դուրս է եկել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


