168.am-ը գրում է. Երգիչ և դերասան Միհրան Ծառուկյանի հանդեպ հանրության ուշադրությունն ու «մտահոգությունն» այնքան մեծ է, որ վերջինիս՝ էկրաններին հայտնվելու առաջին իսկ օրերից, շարունակ «ամուսնացնում և բաժանում են»: Յուրաքանչյուր նոր զուգերգ կամ տեսահոլովակ իր հետ նոր «ամուսնություն» է բերում արտիստին: Թեպետ հարկ է նշել, որ Միհրանը հարցազրույցներ հազվադեպ է տալիս, սակայն 168.am-ի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նրա համար «նորանոր ամուսնությունների» մասին խոսակցությունները վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել: Իր մասին ի հայտ եկած սուտ հարցազրույցների կամ նյութերի մասին նա շատ անգամ տեղյակ էլ չէ:
– Միհրան, առաջին հետաքրքրությունը Ձեր անձի հանդեպ՝ Ձեր՝ Ծառուկյան, ազգանունն առաջացրեց: Պատմե՛ք մի փոքր՝ ովքե՞ր են Ձեր ծնողները:
– Մայրս մասնագիտությամբ երաժիշտ է: Հայրս՝ երաժշտությունը սիրող բիզնեսմեն: Հայտնի Ծառուկյան գործարարի հետ ոչ մի բարեկամական կապ չունենք: Ուղղակի նույն ազգանունն ենք կրում:
– Ինչպիսի՞ն է Ձեր կյանքի ռիթմը:
– Իրականում շատ անսովոր չէ իմ կյանքի ռիթմը: Առավոտից նկարահանման եմ՝ մինչև ուշ երեկո, այնուհետև ձայնագրման ստուդիա ենք գնում, շատ անգամ համերգների պատճառովբացակայում եմ քաղաքից: Բայց դա իմ ընտրությունն է: Իմ կյանքի ռիթմն ինձ դուր է գալիս:
– Այն Ձեզ թույլ կտա՞ ունենալ անձնական կյանք, ընտանիք:
– Բնականաբար՝ այո: Ինձ թվում է՝ այդ ռիթմը նույնիսկ կօգնի: Ես արդեն զգում եմ դրա բացակայությունը, ես էլ եմ ուզում ունենալ իմ ընտանիքը: Վստահ եմ, որ կկարողանամ այնպես ապրել, որ կյանքիս ռիթմի պատճառով չտուժի ո՛չ ընտանիքս, ո՛չ կարիերաս: Արդեն 28 տարեկան եմ, և այնպես չէ, որ չեմ ամուսնանալու: Չարժե սպասել և, օրինակ, 39 տարեկանում ամուսնանալ:
– Ի դեպ, վերջերս Ձեզ ում հետ ասես՝ չամուսնացրեցին:
– Այո, դա պարբերաբար կրկնվող երևույթ է դարձել: Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ է հանրությունն ինձ ամուսնացրել: Ես միշտ ասել եմ, որ երբ գա ժամանակը, ես կհայտնեմ իմ ամուսնության մասին՝ անձամբ: Ես այդ մասին կխոսեմ, կբարձրաձայնեմ: Իմաստ չեմ տեսնում թաքցնելու մեջ:
– Դերասանուհի Արփինե Գաբրիելյանի և Ձեր «սիրավեպի» մասին լուրերն ինչո՞ւ այդքան լայն տարածում գտան: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց առաջացան խոսակցությունները:
– Մենք ի սկզբանե գիտեինք, որ այդպես էլ լինելու է, քանի որ տեսահոլովակ էինք նկարահանում:
– Այսինքն՝ Ձեզ պե՞տք էին այդ խոսակցությունները:
– Ո՛չ իհարկե: Պարզապես մենք արդեն կռահում էինք, որ այդ խոսակցությունները լինելու են: Եվ, եթե նկատել եք, մենք այդ խոսակցություններին պատասխան չենք տվել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում