Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է իր աշխատանքային կարգավիճակը՝ տեղեկացնելով, որ նոր աշխատանքի է անցել Սպորտի և երիտասարդության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական: Asekose.am-ը կապ հաստատեց Արտյոմի հետ՝ ճշտելու իր նոր աշխատանքի մանրամասները:
Այդ կարգավիճակիս փոփոխությունն ընդամենն իմ համագործակցության շարունակությունն է
Ես համագործակցում եմ Օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության հետ բավականին երկար տարիներ: Բազմաթիվ միջոցառումներ եմ իրականացրել իրենց հրավերով՝ Միջազգային Օլիմպիական օր, Համահոմնդմենական խաղերի բացում, Հոկեի լեգենդների հանդիպում և այլն: Դրանք բոլորը եղել են մեծ միջոցառումներ, որոնք տարիներ շարունակ ես արել եմ՝ համագործակցելով այդ կառույցների հետ: Իսկ այդ կարգավիճակիս փոփոխությունն ընդամենն իմ համագործակցության շարունակությունն է՝ արդեն նախարարի խորհրդականի կարգավիճակով: Պետք է նշեմ նաև, որ հասարակական հիմունքներով է իմ համագործակցությունը:
Երբ կգա ժամանակը, երբ հասկանամ, որ այստեղ փոխվել է ինչ-որ բան, միգուցե կփոշմանեմ և չեմ մեկնի Հայաստանից
Ինչ վերաբերում է Հայաստանից իմ մեկնելուն, ես նախկինում էլ նշել եմ, որ այն մեկ օրվա հարց չէ: Այնպես չէ, որ այսօր պայուսակներս հավաքեցի, ողջ ընտանիքիս հավաքեցի ու գնացի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքն այն մասին, թե ինչպիսին է Հայաստանում այսօր կարգավիճակը, մնում է նույնը: Կան խնդիրներ և բազմաթիվ են այդ խնդիրները, բայց այս փուլում, երբ ես դեռ այստեղ եմ և պետք է աշխատեմ, կաշխատեմ: Երբ կգա ժամանակը և ես կհասկանամ, որ ինչ-որ բան փոխվել է ու այդ ինչ-որ մի բանն ինձ ստիպում է մնալ այստեղ և արդեն անհրաժեշտ չէ իմ մեկնելը, միգուցե կփոշմանեմ, բայց այդ ժամանակը դեռ չի եկել: Այս պահի դրությամբ դեռ ամեն բան ընթացքի մեջ է, հնարավոր է՝ դեռ մեկ տարի էլ մնամ Հայաստանում:
Այնպես չէ, որ ես ստացա պաշտոն այդ պատճառով փոշմանում եմ ու չեմ գնում Հայաստանից
Երբ ես արտահայտեցի իմ կարծիքը և կիսվեցի հանրության հետ իմ խնդիրներով, մարդիկ ընկալեցին այդ ամենը շատ կտրուկ, այն առումով, որ ես աշխատանք չունեմ, այդ պատճառով էլ մեկնում եմ: Ես կարդացել եմ բոլոր մեկնաբանությունները: Այս ամենը նրա համար էր, որ ես ցույց տամ բոլորին, որ աշխատանքի մեջ չէ իմ խնդիրը: Փառք Աստծո, աշխատանք կա, ես էլ այս հանրապետությունում միշտ էլ ունեցել եմ իմ տեղը: Այնպես չէ, որ ես ստացա պաշտոն և հենց այդ պատճառով փոշմանում եմ ու չեմ գնում Հայաստանից:
Երևի թե սրանք ամենամեծ ցանկություններս են
Ընդհանուր առմամբ, ուզում եմ Հայաստանում տեսնել դրական տեղաշարժ այն առումով, որ փոխվեն որոշ մոտեցումներ՝ երկրի վիճակը կայունացնելու և մարդկանց գոնե մի քիչ ժպիտ պարգևելու համար: Ուզում եմ հայաստանցիներին տեսնել գոնե իրենց հոգսերից մի փոքր ազատված, աշխատող, ժպտացող, միմյանց միշտ բարին կամեցող: Երևի թե սրանք ամենամեծ ցանկություններս են: Այսօր մարդիկ չարացած են ու այդ չարի մեջ ապրելը բավականին բարդ է: Ես ինքս էլ փորձում եմ ինչ-որ բաներ անել, որպեսզի այդ ամենը կարգավորվի, միշտ չէ, որ ստացվում է, բայց ամեն դեպքում շարունակում եմ փորձել:
Նույնիսկ հարցեր հնչեցին՝ «Դու դեռ ստեղ ես»
Որոշ ժամանակ առաջ իմ կողմից տեղադրված գրառմանը մարդիկ շատ կտրուկ մոտեցան, նույնիսկ հարցեր հնչեցին՝ «Դու դեռ ստեղ ես»: Այո, այստեղ եմ, այդ գնալն այդքան էլ հեշտ չէ ու այնպես չէ, որ ես ձգտում եմ թողնել իմ հայրենիքը: Ես այստեղ եմ ծնվել, այստեղ իմ երեխաներն են ծնվել: Իմ ամեն ինչը կապված է Հայաստանի հետ: Դա իմ պոռթկումն էր՝ արտահայտվել այդ ամենի մասին: Իմ մեջ ռոմանտիզմը մի փոքր շատ է, այդ պատճառով էլ ես չեմ պատկերացրել, որ մարդիկ կփորձեն այդ ամենի մեջ տեսնել այն, ինչ իրենք են ուզում և չեմ հավատացել, որ այդ գրառումս կաշխատացնեն իմ դեմ: Ուղղակի մի բան կարող եմ ասել. փոշմանել եմ, որ շատ անկեղծ եմ եղել ու հանրայնացրել եմ տվյալ գրառումս:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան