Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլից Հյուսիսային Կիպրոս մեկնելու ճանապարհին հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ էր հայտնվել, օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում:
Կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, վնասվել էին դիմապակիները: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ:
Ռուսական bigpicture.ru կայքը հատուկ ֆոտոշարքով և տեսանյութերով ներկայացրել է Ակոպովի պատմական վայրէջքը:
Լրատվամիջոցների հետ զրույցում Ակոպովը պատմել է, որ երբ իրենք օդ էին բարձրանում՝ եղանակային պայմանները նորմալ էին: Արդեն 1,219 կմ բարձրության վրա գտնվելիս ինքնաթիռը հայտնվել է ամպրոպային գոտում, որը չէր ֆիքսվել հատուկ սարքավորումների միջոցով: Օդաչուն որոշել է հետ վերադառնալ:
121 ուղևորի և ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմի կյանք փրկած Ակոպովը հերոսացավ Թուրքիայում, սակայն մինչ այդ ոչ ոք չէր հավատում, որ օդանավը բարեհաջող վայրէջք կկատարի և կխուսափի կանխատեսվող դժբախտությունից:
«Միայն թե պետք չէ ինձ հերոսացնել, լա՞վ, ես պարզապես կատարել եմ իմ աշխատանքը», - ասել է Ակոպովը լրագրողների հետ առաջին զրույցում:
Որոշ լրատվամիջոցներ նշում են օդաչուի հայ լինելու մասին։ Նաև նշվում է, որ նա Դոնեցկի նախկին բնակիչ է։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց և Դոնեցկի օդանավակայանի ավերվելուց հետո նա մեկնել է արտերկիր՝ աշխատելու։


