Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից: Անցած գիշեր կրակոցներ են եղել նաև Տավուշի մարզի ուղղությամբ: Ցերեկային ժամերին ընդհանուր առմամբ իրադրությունը հանգիստ է լինում»:
«Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»,- հավելեց նա:
Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ միգուցե պետք է կապել տոների հետ, բայց դժվար է կոնկրետ մեկ պատճառ նշել:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը խոսելով նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարից նշեց.
«Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը, քննություն կլինի՝ ծառայողական, քրեական, ամեն ինչ կպարզվի և իրավապահները կհայտնեն պատճառի մասին»:


