«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ դաշինքի՝ խորհրդարան անցնելու պարագայում պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն։
«Ում հետ կկազմվի կոալիցիա, կախված է անշուշտ ընտրությունների արդյունքից: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ մենք չունենք քաղաքական ամբիցիաներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ՀԱԿ-ի հետ համագործակցություն հնարավո՞ր է՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ոչինչ չեն բացառում, միայն բացառում են համագործակցությունը կեղծ ընդդիմության հետ, որոնք ուղղված են ձայների փոշիացմանը:
Անդրադառնալով նախընտրական ցուցակի հետ կապված հարցին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն կհրապարակվի շատ շուտով:
Արձագանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք կազմեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և արդյոք հակասություններ չկան ՀՀԿ-ի և Վանեցյանի միջև, ասաց.
«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգն անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակազմի կողմից։ Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են, հավատացել է այն շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրեն հրամցվում էին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում, ճնշել ընդդիմախոսներին և կանգ է առել, ավելին՝ նա կոչ է արել դադարեցնել այդ մոտեցումը»:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում իրենց շանսերին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ձգտելու են առավելագույնին: