▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մոտ Հայաստանում այսօր հետաքրքիր իրավիճակ է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին:
Ներկայացնելով Հայաստանի թվային օրակարգը՝ վարչապետն ընդգծել է, որ թվային վերափոխումը, մեր ընկալմամբ, ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան:
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», - նշել է Կարեն Կարապետյանը:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև կրթական ոլորտին՝ նշելով, որ Հայաստանի բոլոր, անգամ հեռավոր շրջանների դպրոցներում շախմատը որպես ուսումնական առարկա է դասավանդվում, ինչպես նաև ուսուցանվում են ռոբոտատեխնիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ, իսկ այս տարվանից՝ բիզնես և ֆինանսներ: Կարեն Կարապետյանը խոսել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ 2016 թվականին այն աշխարհի լավագույն նորարարական դպրոց է ճանաչվել, և ներկայում կենտրոնն ընդլայնվում է ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջերս Փարիզի քաղաքապետարանն է հայտարարել իրենց մոտ նման կենտրոն բացելու մասին: 
Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝ 
• թվային կառավարություն
• թվային հմտություններ
• ենթակառուցվածք
• կիբերանվտանգություն
• մասնավոր հատված
• ինստիտուցիոնալ հիմքեր:
«Ազգային թվային օրակարգի առաջխաղացման արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հիմնել է «Թվային Հայաստան» հիմնադրամը, մշակվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ.» զարգացման ծրագիրը: Թվային օրակարգի համաձայն՝ մինչև 2030 թ. «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի և 80 տոկոսանոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Համաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ՏՏ ոլորտի միջազգային փորձագետներ ու մասնագետներ:
 

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: 
Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները: 
ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները: 
Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար: 
Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: 

Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее