▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերիի, Անաիսի, Մարինկայի, Հասմիկի հաշվեհարդարը Հենրիի հետ

Blognews.am-ը գրում է. Հենրի Քոչարյանի, Մերի Մակարյանի, Անաիս Սարդարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հասմիկ Վերդյանի, Ջուլիետտա Ստեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ նոր «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմի մասին պատմել ենք մեր ընթերցողներին։ Փետրվարի 5-ից ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ։ Մինչ այդ, զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Հենրի Քոչարյանի հետ։

Հենրիի կերպարը կնամոլ է, ով ապրում է թեթև, ուրախ կյանքով, միաժամանակ հանդիպում է մի շարք կանանց հետ, ապրում նրանց հաշվին, սակայն ամեն բան փոխվում է, երբ նրանցից երեքը նույն պահին հայտնվում են նույն տեղում և որոշում հաշվեհարդար տեսնել։) «Նրանք շատ դաժան են վարվում բառիս բուն իմաստով։ Դա ուղղակի տեսնել  է պետք»,- նշեց Հենրին։

Դիտարկմանը, որ նմանատիպ սյուժեով ֆիլմեր արտերկրում արդեն նկարահանվել են (երբ կանայք միավորվում են ընդդեմ իրենց դավաճանած տղամարդու), Հենրին արձագանքեց, որ նույն սյուժեով կինոնկար ինքը չի մտաբերում։ «Ես շատ ֆիլմեր եմ դիտել, սակայն նույն կամ նմանատիպ սյուժեով ֆիլմ չեմ մտաբերում։ Իհարկե, թեման անծանոթ չէ, բայց նմանատիպ սյուժեով ու զարգացումներով  ֆիլմ երբեք չեմ տեսել։ Սա շատ յուրահատուկ ֆիլմ է, որում կան նաև սյուժետային  անակնկալ գծեր»,- ասաց  նա ու հավելեց, որ ֆիլմը նկարահանվել է Անդրեյ Կուրեյչիկի համանուն պիեսի հիման վրա։

«Մի քանի տարի առաջ այս գործը բեմադրել եմ Պարոնյան թատրոնում, բավականին մեծ հաջողություն ունեցավ, որոշեցի դրա հիման վրա սցենար գրել ու ֆիլմ նկարահանել։ Ֆիլմը  շատ է տարբերվում ներկայացումից. ավելացել են նոր կերպարներ, փոխվել են սյուժետային զարգացումները, գործողությունները տեղափոխվել են Հայաստան։ Կառուցվածքը նույնն է, սակայն  զարգացումները լրիվ այլ են. մաքսիմալ փորձել եմ տարբեր լինել և չկրկնել ինձ»,- ասաց Հենրին։

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ներկայացման և ֆիլմի դերասանական կազմը տարբեր է, քանի որ կինոյի և ներկայացման պահանջներն են տարբեր։ Միայն Հասմիկ Վերդյանն է ներգրավված եղել ներկայացման մեջ, սակայն  այլ կերպար է խաղացել։ «Առաջին հերթին հաշվի եմ առել, թե իմ պատկերացմամբ՝ դերասաններից ով ինչքանով է համապատասխանում կերպարին։ Բնականաբար, հաշվի եմ առել նաև դերասանների ճանաչվածությունը, սակայն դա առաջնային չի եղել»,- ասաց Հենրին։

Հենրին իր դեբյուտային՝ «Փոքրիկ զորավարը» ֆիլմը նկարահանել էր սուղ միջոցներով և ընկերական հիմունքներով, այն բավականին երկար մնաց էկրաններին ու շահութաբեր եղավ։ Այս անգամ ևս պրոդյուսերը հովանավորներ չունի։ Հենրին նշեց, որ այս անգամ էլ իրենց միջոցներն են ներդրել և մեծ ակնկալիքներ ունեն ֆիլմից։ «Ես միշտ ասում եմ, որ ֆիլմում այնքան կարևոր չէ ֆինանսի, որքան մարդկային գործոնը, ցանկությունը, սերը, նվիրվածությունն ու հավատը աշխատանքի նկատմամբ։ Հաճախ մարդիկ մեծ ֆինանսներով չեն կարողանում ինչ-որ բան ստեղծել և հակառակը՝ կան մարդիկ, ովքեր չեղած միջոցներով, ընկերներով ու գործի նկատմամբ հավատով ստեղծում են դա։ Համաշխարհային կինոյի պատմության մեջ էլ է այդպես. ոչ ոք ի սկզբանե  մեծ միջոցեր չի ունեցել ֆիլմ նկարահանելու համար»,- ասաց նա ու հավելեց, որ այս անգամ ավելի շատ փորձ ունի, մեծ են հնարավորությունները, անցած ճանապարհի ընթացքում շատ բաներ է սովորել։ «Եթե  նախորդ անգամ ինչ-որ հարցերում թերացել եմ, հիմա փորձում եմ չթերանալ։ Թե որքանով է այս ֆիլմը մեկ քայլ առաջ, թող հանդիսատեսը որոշի»,- նշեց Հենրին։

Ռեժիսորը նշեց, որ ինքը կոմերցիոն ֆիլմ է նկարահանում։ «Կոմերցիան վատ բան չէ. կոմերցիոն, նշանակում է, որ աշխատանքը դուր է եկել մեծամասնությանը։ Այլ հարց է, որ կան կոմերցիոն լավ և վատ ֆիլմեր։ Եթե  ֆիլմը փառատոնային չէ, նկարահանվում է ինքնաֆինանսավորմամբ, բնականաբար պետք է ունենա կոմերցիոն հաջողություն, որպեսզի կարողանա փակել իր ծախսերը։ Ի վերջո, ֆիլմը բոլորի համար է։ 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее