Այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված դատական հերթական նիստն էր: Այսօր հարցաքննվեց ՀՀ Ան «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ- ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների գործողություններում թերացումներ չեն եղել:
«Ինչո՞ւ են Մերի Մարգարյանին «Էրեբունի» տեղափոխել: Ինձ համար որպես դատաբժշկական փորձագետ անհասկանալի է այդ ախտորոշումը: Որտեղի՞ց են վերցրել, որ արյունազեղում կարող է լինել Մերի Մարգարյանի մոտ: Մերի Մարգարյանի մոտ արյունազեղում չի եղել, իմ կարծիքով, այդ ախտորոշումն ընդամենը միջոց էր նրան տեղափոխելու, որովհետև եթե ծանր չի եղել, ինչո՞ւ են տեղափոխել, պահեիք, ձեզ մոտ բուժեիք, դուրս գրեիք, ինչո՞ւ եք տեղափոխել «Էրեբունի»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Մեղադրող կողմի այն հարցին` թե ո՞ր ջերմություն է հղիի համար վտանգավոր, և երբ պետք է հոսպիտալացվեր Մերի Մարգարյանը, Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընդհանրապես համարվում է 38 և ավելի, իսկ Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն մի քանի օր` 39 և ավելի:
«Հոսպիտալացման խնդիրն առաջացել է ի սկզբանե, երբ հիվանդը դիմել է բժշկի: Ունեցել է ջերմություն, ինքնազգացողության վատացում, եղելէ հղի»,- պատասխանեց պրն Հարությունյանը:
Մեղադրվող բժիշկ Շուշանիկ Բախշյանի փաստաբանը սկսեց հարցեր տալ, օրինակ` արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հարցաքննվող փորձագետ Գագիկ Հարությունյանի որդին դատախազ է: Այդ հարցերը համարվեցին գործի հետ կապ չունեցող:
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվի մեղադրվող բժիշկ Անի Բաբելյանը:


