▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տնօրենը հեռու է շանտաժից. «Անեսա Տուր»-ը պատասխանում է սկանդալային հրապարակմանը

Asekose.am-ը մի քաղաքացուց հաղորդագրություն էր ստացել, ով հորդորում էր զգուշանալ «Անեսա Տուր» գործակալությունից: Ըստ հաղորդագրության՝ գործակալության` տնօրեն Եփրակսիա Սահակյանն աշխատանքի է ընդունում մարդկանց՝ խոստանալով բարձր աշխատավարձ, սակայն ստիպում է աշխատել անբարեխիղճ պայմաններում և չի վճարում կատարած աշխատանքի դիմաց: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ նախապես կնքված պայմանագրի համաձայն աշխատողը ստիպված է աշխատել 1 տարի, իսկ հրաժարվելու դեպքում՝վճարել 1 միլիոն դրամ տուգանք: Ազատվելուց հետո էլ տնօրենը շանտաժի է ենթարկում և վերջնահաշվարկ չի անում: Լինելով տվյալ գործակալության նախկին աշխատակից՝վերջինս խորհուրդ էր տալիս զերծ մնալ խաբեությունից:

Asekose.am-ը թեմայի շուրջ կապ հաստատեց «Անեսա Տուր» գործակալություն հետ: Մեզ հետ զրույցում օֆիս-մենեջեր Սեդա Գալստյանը նշեց, որ վերոնշյալը չի համապատասխանում իրականությանը.

«Ես այս կազմակերպության օֆիս մենեջերն եմ, մեկ տարի է աշխատում եմ այս կազմակերպությունում` ըստ պայմանագրի, գիտակցաբար ստորագրել եմ պայմանագիրը, քանի որ ցանկացած քաղաքակիրթ վայրում մարդիկ աշխատում են պայմանագրի համաձայն: Բողոքներ ինքս դեռևս չունեմ և պատրաստվում եմ ստորագրել ևս մեկ անգամ՝մեկ տարի ևս աշխատելու համար: Աշխատավարձների ուշացում մեզ մոտ չի լինում՝ բացառապես 1-2 օր, և ստանում ենք այնքան աշխատավարձ, որքան որ նշված է պայմանագրում»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ տնօրեն Եփրակսիա Սահակյանը աշխատանքից ազատվելուց հետո շանտաժի միջոցով վերջնահաշվարկ չի անում, օֆիս մենեջերը նշեց.

«Նման բան չկա,մեր տնօրենը հեռու է շանտաժից: Երբ մարդը պայմանագիրը դեռ չլրացած որոշում է դուրս գալ աշխատանքից, ապա պետք է կատարի այն կետերը, որոնք նշված են պայմանագրում, որոնց տակ ինքը ստորոգրել է»:

Սեդա Գալստյանի խոսքով՝ ավելի քաղաքակիրթ կլիներ, եթե հարցը դատարանում հայտնվեր նման հայտարարություններ տարածելու փոխարեն:

Այն հարցին՝ արդյո՞ք կետերի մեջ ներառված է նաև 1 միլիոն դրամի տուգանքը, «Անեսա Տուր»-ից պատասխանեցին, որ դա  ծառայողական գաղտնիք պարունակող հարց է, որին իրենք չեն կարող պատասխանել:

Հավելենք, որ, կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնվել, ըստ որի քննարկման է դրվել ընկերության վարկանիշին վնաս հասցնելու փորձն իրավական դաշտ տեղափոխելու հարցը:

Ա.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее