▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հանդիպումից մեկ շաբաթ անց արդեն հասկացա, որ ես մտածելու այլևս ոչինչ չունեմ. Մանե Հարությունյան

 

Վերջերս տեղի է ունեցել լրագրող, բլոգեր Մանե Հարությունյանի նշանադրությունը: Asekose.am-ը զրուցել է Մանեի հետ՝ իր կյանքի կարևորագույն օրվա մանրամասներն իմանալու նպատակով:

-Մանե, վերջերս տեղի է ունեցել Ձեր նշանադրությունը:  Տեղյակ եմ, որ Ձեր սիրելին մասնագիտությամբ օպերատոր է, նրա մասին խոսելիս հաճախ եք նշում, որ շատ է օգնում Ձեզ նաև մասնագիտական առումով: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ ս է տեղի ունեցել Ձեր ծանոթությունը, արդյո՞ ք այն աշխատանքային բնույթ է կրել:

-Այո՛, Արոն մասնագիտությամբ օպերատոր է և չեմ ժխտում, որ ամեն ինչ մեր կյանքում անում ենք համատեղ ուժերով: Ծանոթությունը շատ հետաքրիր է եղել. կփորձեմ հակիրճ պատմել: 2015թ.-ին նույն ժամանակահատվածում ես և Արոն ոչ մտածված եղել ենք նույն հանգստավայրում՝ Հայաստանից դուրս: Սակայն այն օրը, երբ Արոն պլանավորել է, որ մենք պետք է հանդիպենք առաջին անգամ (նա ինձ լուսանկարներով էր տեսել), ես վերադառնում եմ Հայաստան, և մեր հանդիպումը չի կայանում (ժպտում է): Մի քանի օր հետո նա ևս վերադառնում է Հայաստան: Անցնում են օրեր, և ես պատահական առաջարկ եմ ստանում նկարահանվելու տեսահոլովակում, որի օպերատորը, փաստորեն, Արոն էր, և հենց ինքն էլ ծրագրել էր մեր հանդիպումը (ժպտում է): Խոստովանում եմ, որ առաջին անգամ, երբ տեսա նրան, անկեղծ ասած` ոչինչ  չզգացի, բայց հետագայում երբ սկսեցինք շփվել, հասկացա, որ ես իմ շարունակությանն եմ գտել: Մեկ ամիս հետո մենք արդեն ընկերություն էինք անում, և արդեն երկու տարի է, ինչ միասին ենք:

-Միմյանց հետ արդեն որոշակի ճանապարհ անցնելուց հետո ինչի՞ ն էր հատկապես բարդ հարմարվելը, արդյո՞ ք Ձեր կյանքում եղել է միմյանց փոխելու փուլ: Տարաձայնությունները նախկինում և ներկայումս տարբերվո՞ ւմ են, և ամենակարևորը՝ ինչպե՞ ս են հաղթահարվում:

-Հարմարվելու ճանապարհ առաջին հերթին եղել է ինձ համար և հենց ամենասկզբում: Ես դժվար փուլ եմ անցել նրա կողքին և փորձել եմ ընդունել նրան այնպիսին, ինչպիսին որ կա: Խոչընդոտներ, իհարկե, եղել են, բայց անսխալ մարդիկ չկան կյանքում: Չեմ ցանկանա շատ մանրանալ, բայց շատերը սկզբում փորձում էին խոչընդոտել մեր սիրուն, սակայն երկուսս էլ հասուն մարդիկ ենք և գիտակցում ենք, որ անցյալում եղածի պատճառով չպետք է ապագան տուժի: Ես հասկացել եմ, որ տարաձայնությունները սկսվում են ընկերություն անելու երկրորդ փուլից, քանի որ սկզբում ամեն ինչ շատ քաղցր է, հետաքրքիր, իսկ հետո սկսվում են արդեն կենցաղային հարցերը և այլն ևայլն: Մեր պարագայում, տարաձայնությունները հարթում եմ ես, քանի որ Արոն բնավորությամբ ավելի չոր է (ժպտում է): Մտածում եմ, որ եթե սիրում ես, պետք է միշտ ներես: Չեմ սիրում երկար ժամանակ նեղացած մնալ:

-Շատ աղջիկներ մանրակրկտորեն են մոտենում նշանադրությանը, ուշադրություն են դարձնում ամեն մի մանրուքի, Ձեր դեպքում ինչպե՞ ս էր, արդյո՞ ք լարվածությունը թույլ տվեց Ձեզ վայելել օրը:

- Մեր հանդիպումից մեկ շաբաթ անց արդեն հասկացա, որ ես մտածելու այլևս ոչինչ չունեմ: Նա այն մարդն է, ում կողքին պատկերացնում եմ իմ ամբողջ կյանքը: Նշանվելուց մի քանի օր առաջ լարվածությունը մեծ էր, քանի որ անսպասելի իրադարձություններ տեղի ունեցան, բայց ամեն ինչ հաղթահարեցինք և այսօր արդեն ուրախ եմ, որ մեր կյանքում կարևոր ու ճիշտ քայլ ենք արել: Օրը վայելեցինք այնքանով, որ մեր կողքին մեր ամենահարազատ մարդիկ էին՝ մեր ծնողները, ովքեր ամեն հարցում մեզ սատարում են:

-Հարաբերությունների օրինականացում շատերին է վախեցնում, նման զգացողությունը Ձեզ խո՞ րթ է:

-Ես բնավորությամբ տատանվող մարդ չեմ և եթե որոշում եմ կայացնում, ուրեմն վստահ եմ, որ այդ քայլն ինձ համար ճիշտ է: Մեր պարագայում վստահությունն ավելի շատ է, քանի որ մենք գրեթե միասին ենք լինում օրվա մեծ մասը: Ուստի, վախենալ այս ամենն օրինականացնելուց, կարծում եմ՝ սխալ կլիներ մեր կողմից: Շատերը նույնիսկ զարմացան, երբ նկատեցին, որ մենք նոր ենք նշանվում, քանի որ այն տպավորությունն է, թե մենք վաղուց արդեն ամուսնացել ենք (ժպտում է):

-Որպես կանոն նշանադրությանը շատ արագ հաջորդում է հարսանյաց արարողությունը, ինչպե՞ ս կլինի Ձեր պարագայում, արդյո՞ ք մենք կտեսնենք ավանդական հայկական հարսանիք:

- Ոչ, իհարկե (ժպտում է): Ես և Արոն միշտ էլ խուսափում ենք ավանդական հայկական ցանկացած երևույթից: Այն ինչ հետաքրքիր ու տարբերվող է, դա էլ կլինի մեր հարսանիքին: Իսկ հարսանեկան խնջույքը, մեղրն ու լավաշը հաստատ կբացակայեն: Ասեմ, որ որպես այդպիսին, հարսանիք չի լինելու, քանի որ ես իմ ամբողջ կյանքում չեմ ընդունել խնջույք կոչվածը: Պարզապես կստանանք Աստծո օրհնությունը և կմեկնենք հանգստի: Կփորձենք ուղղակի այնպես անել, որ այդ օրը լինի հիշարժան ու տարբերվի մեր խենթություններով (ժպտում է): Զույգեր կան, ովքեր շտապում են միանալ՝ իրենց կյանքում ոչ մի նպատակ չունենալով: Մենք ունենք շատ նպատակներ ու ծրագրեր, որոնք իրականացնելուց հետո միայն կօրինականացնենք մեր հարաբերությունները:

-Եվ վերջում՝ արդյո՞ք այս անձնական զբաղվածությունից Ձեր աշխատանքը չի տուժում, հետևելով Ձեր միկրոբլոգերին՝ կարելի էր ենթադրել, որ մի փոքր ավելի պասիվ էիք: Սա ընդամենը տևական դադա՞ ր էր, կա՞ ն նոր աշխատանքային  մտքեր, որոնք պետք է իրագործեք:

- Չեմ կարող ասել, որ աշխատանքս տուժել է, քանի որ ես պարզապես 2 ամիս հանգստացել եմ ընտանիքիս անդամների հետ: Մեկ տարի շարունակ ՝ առանց դադարի աշխատել էի, և արդեն գերհոգնածություն էր նկատվում: Ուստի, որոշեցի հանգստանալ, վայելել  քրոջս և նրա բալիկների ներկայությունը, որոնց արդեն 5 տարի չէի տեսել: Բացի այդ, նշանադրությունս և մի քանի այլ կարևոր առիթներ եղան: Հիմա լիարժեք ինձ նվիրում եմ աշխատանքիս. նոր ծրագրեր ունեմ, մտահաղացումներ, որոնք պետք է իրականացնել: Այս տարի պետք է շատ աշխատեմ, քանի որ բլոգս հասցրել եմ այն մակարդակի, որ իրավունք չունեմ տեղում դոփելու:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее