Armlur.am-ը հարցազրույց ունի դերասան Հարություն Մովսիսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ասում են, որ երբ փողոցում քայլում եմ, ինչ-որ դերի մեջ եմ»
Ինձ միշտ ասում են, որ երբ փողոցում քայլում եմ, ինչ-որ դերի մեջ եմ: Բայց այդպես չէ: Ես 20 տարեկան տղա էի, երբ Հայաստանում ինձ արդեն ճանաչում էին: Երբեւէ ինչ-որ բան ցույց տալու, ապացուցելու խնդիր չեմ ունեցել: Ես արդեն սովոր եմ, որ պետք է վազեն, մոտենան ինձ, խնդրեն նկարվել: Այդ ժամանակ մտքիս մեջ ծիծաղում եմ ու ինքս ինձ ասում եմ. «Դե, կապիկի պես ժպտա»:
Սիրում է նույնիսկ թշնամիներին
Մեր ոլորտում նախանձություն եմ նկատում: Էդ նախանձներն էլ, էդ անշնորհքները այնքան միասնական են, այնքան շուտ են ընկերանում: Երբեք չեմ տեսել, որ տաղանդավորներն այդպես միասնական լինեն: Ո՞նց է այդպես պատահում: Բայց ես բոլորին սիրում եմ, փաթաթվում եմ նույնիսկ իմ թշնամիներին: Նրանք ապշած ինձ են նայում, մտածում են. «Մի՞թե չի հասկացել, որ իրեն ատում եմ»: Բայց ես ուզում եմ այդ մարդիկ հասկանան, որ ես ո՛չ մտադրվել եմ, ո՛չ էլ կարող եմ իրենց վնասել: Հիմա մեղավո՞ր եմ, որ իրենցից տաղանդավոր եմ: Դրա համար պետք է ինձ սպանեն, ոչնչացնեն, իմ հետեւից չարախոսե՞ն: Ախր, մեր գործի մեջ փող էլ չկա, բայց իրար ուտում են, գոնե մեջը փող լիներ, ասեի` հա: «Լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում» Հանրային մարդ լինելու ամենադժվար կողմը համեստություն դրսեւորելն ու հանգստություն պահպանելն է ցանկացած իրավիճակում: Նորմալ երկրներում դերասանները կամ այլ մասնագիտություն ունեցող անձինք, եթե իրենց ոլորտի ինչ-որ խնդրից դժգոհ են լինում, բունտ են անում, բողոքի ալիք է բարձրանում: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է գլուխդ կախես, քո գործն անես: Ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք իմ ազգի հետ կապ չունեն: Նրանց բացարձակ ձեռնտու չէ բարձր մշակույթ ունենալը: Մարդուն լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում: Ինձ ինչ դեր կտան, կխաղամ, այդքան բան: Ի՞նչ անեմ, ես ի՞նչ կարող եմ անել: Ես դերասան եմ: Ուրիշ բան, որ քաղաքական գործիչ լինեի, կարողանայի իրավիճակ փոխել: Գուցե սխալվում եմ, չգիտեմ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Ի՞նչ էր զգում Հարություն Մովսիսյանը, երբ բժիշկներն ասացին, որ 3 ամսվա կյանք է մնացել