Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զուցակիցն է հայ ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:
-Անդրե, գիտեմ, որ դուք մշտապես աշխատանքային պրոցեսում եք գտնվում, հետաքրքիր է՝ այս ընթացքում ինչո՞վ եք զբաղված, ինչե՞ր են սպասվում առաջիկայում:
- Վերջերս թողարվեց «The Beautified Project» խմբի «I Found a Way» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվեց հայտնի նկարչուհի Լյուսի Ավդալյանը, ով Նյու Յորքի հայ է: Նա իմ ամենաֆավորիտ նկարչուհիներից է եւ ես այնպես դասավորեցի, որ այն 3-4 օրը, երբ Լյուսին կգտնվեր Հայաստանում, նկարահանվեր մեր տեսահոլովակում: Մեր խումբը ցանկություն ուներ անպայման նոր տեսահոլովակ թողարկել այս տարի, ինչը կարողացանք կյանքի կոչել: Դե իսկ հաջորդ տարվա համար նախատեսված են մի շարք հյուրախաղեր, որոնց մասին դեռ կխոսեմ: նաեւ հաջորդ տարի պլանավորում ենք թողարկել մեր՝ թվով 4-րդ ձայնասկավառակը, քանի որ արդեն 2.5 տարի անցել է մեր վերջին ձայնասկավառակից: Ընդ որում, նկատեմ, որ ձայնասկավառակը պետք է հնարավորինս շուտ թողարկենք, որպեսզի հյուրախաղերի ժամանակ կարողանանք այն մեզ հետ տանել:
-Անդրե, դուք հաճախ չեք համերգներով հանդես գալիս եւ այդ հարցում ունեք Ձեր պատճառաբանությունը՝ նշում եք, որ անհրաժեշտ է երկար լիցքավորվել որեւէ համերգի պատրաստվելիս: Հետաքրքիր է՝ ինչու եւ ինչպե՞ս եք լիցքավորվում:
- Անկեղծ ասած, վերջին համերգից հետո հինգ ամիս ելույթ չէինք ունեցել մի քանի պատճառներից ելնելով: Մենք այնքան համերգներ էինք ունեցել վերջին տարիներին աշխարհով մեկ, որ անհրաժեշտ էր որպեսզի մենք ինքներս կարոտեինք մեր երաժշտությանն ու բեմը, ոչ թե ուղղակի բեմ բարձրանայինք: Առհասարակ, կարծում եմ, երբ երգիչը նույն երգը երգում է օրինակ 10 տարի շարունակ, պետք է ամեն անգամ երգելիս հոգի դնի այդ երգի եւ կատարման մեջ, ոչ թե երգելով աշխատանք կատարած լինի: Մենք ուզում ենք, որպեսզի հանդիսատեսն էլ մեզ կարոտի, որ զգա այն հոգին եւ էներգիան, որը փորձում ենք փոխանցել: Երբ մարդ ամեն գիշեր ակումբներում երգում եւ նվագում է, կարծում եմ, այդ ժամանակ երգի մեջ կորում է այն զգացմունքը, որը շատ կարեւոր է, այդ ժամանակ երգիչը սկսում է աշխատել, ոչ թե երաժշտություն ու արվեստ ներկայացնել: Փառք Աստծո, մեր խմբի անդամները կողքից ունեն իրենց աշխատանքները եւ մենք կարողացել ենք տասը տարի շարունակ մեր երաժշտությանը որպես արվեստի վերաբերվել, կարծում եմ, հենց դա է եղել այն կարեւոր ներուժը, որը մեզ այսքան տարիներ միասին է պահել: Իսկապես, մեր երաժշտությունը մեր փախուստն է եղել իրականությունից, այլ ոչ թե գումար վաստակելու ճանապարհը: Հենց այս վերաբերմունքն էլ մեզ հնարավորություն է տվել, որպեսզի մեր արվեստը ներկայացնենք նաեւ աշխարհին:
-Անդրե, Ձեր խումբն առաջինն էր, ում տեսահոլովակները ցուցադրվեցին համաշխարահյին ճանաչում ունեցող հեռուստաալիքներով: Դա հաջողություն է, որը ոչ բոլորին է բախտ վիճակվում: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց:
- Այո, մեզ բախտ վիճակվեց եւ մեր տեսահոլովակները հինգ տարի առաջ ցուցադրվեցին «MTV»-ի եթերում: Այնպես ստացվեց, որ իրենց ներկայացուցիչը կապ հաստատեց մեզ հետ, ասաց, որ մեր տեսահոլովակները համապատասխանում են իրնց պահանջներին եւ եթե մենք ցանկություն ունենանք, ապա դրանք կցուցադրվեն իրենց ալիքով: Դե իսկ մենք էլ մեծ ոգեւորությամբ ներկայացրինք մեր բոլոր տեսահոլովակները, որոնցից իրենք ընտրեցին «Baterfly» եւ «Me and my despair» տեսահոլովակները, ի դեպ, այն ժամանակ «Me and my despair» տեսահոլովակը իրենց համաշխարահային ռոք խմբերի թոփ տասնյակի մեջ էր մտել, ինչը իսկապես մեծ հաջողություն էր մեզ համար, դա հենց այն էր, ինչ ուզում էինք անել՝ Հայաստանը համաշխարահային լեզվով ներկայացնել: Հենց այս ճանապարհով սկսվեց մեր գործունեությունն ու ճանապարհը դեպի համաշխարհային արվեստ, նաեւ մեզ մեծ հաջողություն բերեց «Antimatter» անգլիական խմբի հետ դուետը, նրանց ճանաչումը մեզ համար էլ ճանապարհ հարթեց: Այսօր շատ երկրներում են սիրում մեզ, սպասում մեր համերգներին եւ ձայնասկավառակներին: Վերջերս Գերմանիայում համերգ ունեցանք, որտեղ հանդիսատեսի շարքում նստած էր ընդամենը 2 հայ, այսինքն՝ մեզ սիրում են ոչ միայն մեր հայրենակիցները, այդպիսով մենք Հայաստանը ներկայացնում ենք աշխարհի այլ ազգերին: Այսօր էլ, մեր տեսահոլովակները մի քանի տարբեր համաշխարհային հեռուստաալիքներով ցուցադրվում են:
-Անդրե, ստացվում է, որ Ձեր հաջողությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով է եղել:
- Այո, դժվարը սկիզբն է: Տարիներ առաջ, երբ եկանք այստեղ, կրկին ամեն բան հեշտ չդասավորվեց: Մենք երեք սփյուռաքահայ երիտասրադ էինք, ովքեր չունեին ծանոթներ, բարեկամներ, հաճախ խոստումներ էինք լսում, որոնք այդպես էլ չէին իրականանում, հաճախ էլ ընկերներ էինք ձեռք բերում, ովքեր ամեն գնով փորձում էին օգնել: Այսինքն՝ դանդաղ քայլերով կարողացել ենք որոշ չափով հեղինակություն ձեռք բերել:
-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր կցանկանան հետեւել Ձեր օրինակին:
- Մեր հաջողության գրավականն է եւ նույն էլ խորհուրդ կտամ, որպեսզի արվեստին վերաբերվել որպես արվեստ, այլ ոչ թե աշխատանք: Այսօր, երբ մեզ զանգում եւ համերգի են հրավիրում, առաջինը չենք հարցնում, թե ինչքան գումարով, այլ թե օրինակ ձայնով, հնչողությամբ ո՞վ է զբաղվելու, բեմը ինչպիսի՞ն է լինելու: Նաեւ մենք երեքս մեր ճանապարհը սկսելիս չենք մտածել հայտնի դառնալու մասին, այսինքն՝ դրա համար չենք աշխատել, դա իսկապես որակ է բերում, հետեւաբար նաեւ հաջողություն: Տարիներ առաջ, երբ ես, Արմենը եւ Առլենը միասին սկսկեցինք նվագել, նպատակ չունեինք հայտնի դառնալու, մենք ուղղակի սիրում էինք այս արվեստը, իսկ այսօրվա մեր հաջողությունը ինձ դեռ զարմացնում է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում