Դիտեք նաև՝
Aysor.am-ը գրում է, որ զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ:
-Անահիտ, այժմ ինչո՞վ եք զբաղված, կմանրամասնե՞ք Ձեր ներկայիս գործունեության մասին:
-Այժմ զբաղված եմ հեռուսասերիալի նկարահանումներով, թատրոնում՝ ներկայացումների փորձերով: Նաև, աշխատում եմ նոր պիեսի վրա:
-Եթե չեմ սխալվում, այն Ձեր կողմից գրված՝ արդեն 4-րդ աշխատանքը կլինի:
-Այո, սա իմ՝ թվով 4-դ պիեսն է: Իմ երեք պիեսները շատ նուրբ էին ու կանացի,սիրո ու զգացմունքի մասին: Բայց այս մեկն ավելի կյանքային է, ավելի կոպիտ, թեև, որքան էլ ցանկացա չլինել զգացմունքային՝ չստացվեց… Պիեսը մի տականքի դատավարություն է որը վերացրել է մի ողջ ընտանիքի:
-Կարելի՞ է ենթադրել, որ փորձում եք ինչ-որ կերպ անդրադառնալ Գյումրիի՝ նախորդ տարվա ողբերգական դեպքին:
-Այո, այդ դեպքն ինձ վրա մեծ ազդեցություն թողեց ու չէի կարող չանդրադառնալ… Այժմ պիեսի մասին շատ բան ասել չեմ կարող, ժամանակը կգա, բոլորը կիմանան:
-Վերադառնանք սերիալին. «Առաջնորդներ» հեռուստասերիալի սցենարիստը և դերակատարներից մեկը Դիանա Գրիգորյանն է: Շատերը զարմացան, երբ Ձեզ տեսան նրա հետ համագործակցելիս, քանի որ ժամանակին շատ էր խոսվում Ձեր միջով անցած «սև կատվի» մասին:
-Նախ, ի ուրախություն ինձ, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երիտասարդ դերասանի համար մեծ ուրախություն է աշխատել նման հզոր դերասանախմբի հետ: Ասեմ, որ իմ՝ որպես դերասանուհի, և Դիանա Գրիգորյանի՝ որպես սցենարիստ, տանդեմը շատ լավ ստացվեց: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ապա պետք է նշեմ, որ իմ և Դիանայի միջով ոչ մի «սև կատու» էլ չի անցել: Ուղղակի թեթևակի չհասկացված պահ էր, որն ուրիշի պատճառով էր առաջացել: Դիանայի հետ այժմ ոչ միայն համագործակցում ենք, այլև լավ բարեկամներ ենք: Ես ուրախ եմ շփվել նման կնոջ, հիանալի մոր հետ:
-Ի դեպ, տեղյա՞կ եք՝ սերիալը ե՞րբ հասու կլինի հայաստանյան հեռուստադիտողին:
-Դա մեծ անակնկալ է թե՛ հեռուստադիտողի, թե՛ մեզ համար…
-Անահիտ, թեև Սունդուկյան թատրոնն այժմ վերանորոգման մեջ է, սակայն գիտեմ, որ մի քանի նոր ներկայացումներ են պատրաստվում: Ընդգրկվա՞ծ եք նրանցում:
-Թատրոնի վերանորոգումը բացարձակ չի ազդում թատրոնի ստեղծագործական աշխատանքների վրա: Այս պահին մեր թատրոնում ընթանում են երեք պիեսի փորձեր, որոնցից մեկում՝ Աղասի Այվազյանի «Պոլոզ Մուկուչի կշեռքը» պիեսում զբաղվածություն ունեմ:
-Վերջապես, կանդրադառնաք գյումրեցու Ձեր արմատներին:
-Այո, շատ ուրախ եմ, որ կյանքումս առաջին անգամ կարող եմ բեմից խոսել գյումրվա բառբառով: Ճիշտ է, վաղուց մոռացել եմ, բայց այն մնում է հարազատ բարբառ…
-Ասում են՝ անկախ տրամադրությունից և կյանքի թելադրած հոգեվիճակներից՝ դերասանը պետք է միշտ բեմում, նկարահանման հրապարակում լինի: Ինքներդ էլ բախվել եք այդ խնդրին՝ տարեվերջին կորցնելով Ձեր հայրիկին՝ Լևոն Մութաֆյանին…
-(Մտածում է) Դերասանի գործը դժվար է, բայց ամենաբարդը հենց այդ արգելապատնեշն է, որը պետք է ու պարտավոր ենք հաղթահարել… Հորս մահից 7 օր հետո արդեն իսկ ստիպված էի աշխատանքի գնալ՝ նկարահանումներ, փորձեր… Հանդիսատեսին բացարձակ չի հետաքրքրում քո հոգեվիճակը, դու միշտ պետք է լինես ֆորմայի մեջ, միշտ պետք է ապրես ուրիշների համար:
-Դուստրերը շատ ավելի կապված են լինում հայրիկների հետ: Ձեր դեպքում և՞ս այդպես էր:
-Մեր դեպքը մի քիչ ուրիշ էր. մենք գրեթե չէինք շփվում, քանզի յուրաքանչյուր շփումը վերջանում էր մասնագիտական վեճով: Մեր տանն ակնհայտ էր սերունդների բախումը: Մեր կապվածությունն ավելի հոգևոր էր, միմյանց հասկանում էինք մեկ հայացքից: Նա միշտ գիտեր՝ ինչ տրամադրություն ունեմ ու ինչն է ինձ հուզում:
-Հաճա՞խ էիք կիսվում, անկեղծանում նրա մոտ:
-Չէ, իմ անկեղծության միակ ընկերը, ում մոտ ես լիովին ես եմ՝ մայրս է: Ցավոք, հորս հետ չէի խոսում, չէի կիսվում, բայց զարմանալիորեն նա ամեն ինչ գիտեր իմ մասին, գիտեր՝ ինչ է կատարվում իմ ներսում:
-Ունեի՞ք գաղտնի թեմաներ:
-Մեր գաղտնի թեմաները միմիայն վերաբերում էին մայրիկիս ու եղբորս համար պատրաստվելիք անակնկալներին:
-Շատ աղջիկներ անձնական կյանքում որպես առաջին խորհրդատու հայրերին են ընտրում, շատերն էլ ընդհակառակը՝ խուսափում են նրանց մոտ նման թեմաներից խոսել: Որքան հասկացա՝ դուք երկրորդ խմբին եք պատկանում:
-Գիտեք, մեր ընտանիքում երբեք գաղտնիքներ չեն եղել: Եթե իմ կյանքում հայտնվել է մեկը, ամպայման դրա մասին առաջինն իմացել են ծնողներս… Հայրս միշտ լոյալ դիրքում էր՝ ընտրությունը թողնելով ինձ, բայց մայրս միշտ փորձել ու փորձում է իրավիճակը պահել իր հսկողության տակ (ժպտում է):
-Ի՞նչ խորհուրդ էր ամենաշատը տալիս: Լսո՞ւմ էիք խորհուրդները:
-Հորս խորհուրդները հիմնականում եղել են մասնագիտական առումով: Իսկ ո՞վ էի ես, որ չլսեի նրա խորհուրդները: Նրա յուրաքանչյուր դիտողություն ու խորհուրդ ինձ համար, որպես դերասանուհի, մի մեծ դասախոսություն էր:
-Լևոն Մութաֆյանն իր քննադատություններում շատ սուր էր, հայտնիները հաճախ նեղանում էին, վիրավորվում, վիճում… Ձե՞ր դեպքում ինչպիսին էր նրա վերաբերմունքը, դուք է՞լ արժանանում էիք նրա անխնա քննադատությանը, թե՞ «ծանոթի» միջոցով շրջանցում էիք:
-Ես երբեմն նախանձում էի այն հայտնիներին ու դերասաններին, ովքեր հայտնվում էին նրա քննադատական աչքի ներքո, որովհետև նա նրանց հետ ավելի նուրբ էր քան իմ: Նա իմ առաջին քննադատն էր, շատ անողոք էր այդ հարցում, քանզի ես իրավունք չունեի սխալվելու ու իսկական արվեստից հեռանալու: Նրա քննադատություններից ինձ փրկում էր մայրս՝ իր համեղ կերակուրներով կամ կենցաղի մասին հարցերով: Միակ բանը, որից հաջողվում էր խուսափել՝ հրապարակային քննադատությունն էր. նա ինձ խնայում էր և եզրափակվում տան պատերի ներսում քննադատելով (ժպտում է):
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում