Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան 100 տարի անց» համանուն ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը, որը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան 100 նամակ, 100 տարի անց հայ և օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան-արձագանքներ՝ նամակներ և կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկվել են նաև մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ՝ թեմատիկ հոդվածներ և մտորումներ:
Շնորհանդեսին ներկաների թվում էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ արդեն ծանոթ է գրքին ու հավանել է.
«Հարցերը, որոնք բարձրացնում է գիրքը, այժմեական են ու այս էլ 101 տարի է՝ բոլորիս են հուզում: Մենք մշտապես ապավինել ենք մեր հոգևոր գանձերի նշանակությանը, բայց ոչ՝ զենքի: Այսօր մենք ունենք հայոց բանակ ու այս երկուսի մեկտեղումն է մեր գոյության գրավականն ու վաղվա օրը: Երբեմն գեղեցիկի հետ կարևոր է, որ աշխատի նաև զենքը: Խոսքը ոչ թե արվեստի, այլ բանակի իրական զենքի մասին է»,-նշեց կոմպոզիտորը:
Անի Կարապետյան