Blognews.am-ը գրում է. «Մենք կարող ենք», «Մենք ուժեղ ենք միասին». կոչերով երեկ պատանի երգիչ-երգչուհիները, տարբեր դպրոցների սաները մասնակցեցին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված քայլերթին, որի ընթացքում նամակներ հանձնեցին ՀՀ առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, մի շարք կազմակերպությունների: Միջոցառման կազմակերպչական հարցերում հիմնադրամին օգնել էր «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը։ Վերջինս կայքին հայտնել է, որ միջոցառման նպատակն է ուշադրություն գրավել «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի հոդացավով հիվանդ երեխաների խնդիրների վրա:
«Մի շարք կազմակերպություններ տարբեր ժամանակներում աջակցել են, բայց դեռևս կան երեխաներ, որոնց անընդհատ բուժում է պետք: Երթի նպատակն է, որ հայտնի երեխաներն իրենց մասնակցությամբ ոգևորեն հիմնադրամում ընդգրկված երեխաներին»,- ասել է Իրինան ու հավելել, որ հայտնի երեխաները հիմնադրամի երեխաների հետ օրեր շարունակ ցուցանակներ էին պատրաստում, ինչը ոգևորիչ էր և՛ իրենց, և՛ հայտնի երեխաների համար։ «Այժմ քննական շրջան է, մեր երեխաներից ոմանք քննություն ունեին երաժշտական դպրոցներում, սակայն չէին գնացել, որպեսզի մասնակցեին երթին»,- ավելացրել է նա։ Քայլերթին հաջորդել է պատանի երգիչների համերգային ծրագիրը, որը վարում էր Սիմա Բաղդասարյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում