▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք դեռ չունենք համապատասխան միջավայր ռոք երաժշտության համար․ Եվա Սուջյան

Հայկական շոու-բիզնեսում խաղի կանոնները հաճախ ստիպում են տաղանդավոր երաժիշտներին մնալ ստվերում։ Ում է պրոգրեսիվ-մետալը կամ ագրեսիվ ռոքը, եթե ռաբիս երաժշտության տեսահոլովակները մի քանի շաբաթում կարող են տասնյակ միլիոնների հասնող լսարան ապահովել։

 

Սակայն այս խնդիրը ոչ մի կերպ չի խոչընդոտում գործի նվիրյալներին շարունակել հանրության ավելի փոքր խմբի դատին հանձնել ինքնատիպ ձայնով, նորարական ոճով երաժշտություն, որը հաճախ դուրս չի գալիս ակումբների պատերից այն կողմ, մնում է «նկուղներում»։ 

Եվա Սուջյանը երկար տարիներ ստեղծագործում է։

Եվան հայտնի ջազմեն, կիթառիստ Մկրտիչ Սուջյանի դուստրն է, ինչպես  նաև Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանի քույրը։

 

Asekose-ի հետ զրույցում Եվան պատմում իր երաժշտական առաջին քայլերի, իր նոր  խմբի ու հայկական ռոքի մասին։

 

Եվա, դուք ծնվել եք երաժշտական ընտանիքում որքանո՞վ է այն «օգնել» որպես երաժիշտ կայանալու ճանապարհին։ Պատմեք նաև երաժշտության ասպարեզում ձեր առաջին քայլերի մասին։

Ես միշտ ասում եմ, որ ես չընտրեցի երաժիշտ դառնալու ճանապարհը. երաժշտությունն ապրում էր իմ մեջ և կյանքի տարբեր փուլերում այն սկսեց արտահայտվել և դուրս մղվել ներսիցս: Ինչ խոսք, երաժշտական ընտանիքում ծնվելն իր դերը խաղաց և ի վերջո բերեց ու հասցրեց այն կետին, որտեղ այժմ կամ: Անշուշտ, դեռ ճանապարհի մեջտեղում եմ: Առաջին քայլերս եղել են, երբ դեռ պատանի էի. ես պատկերացում չունեի, որ երգելու եմ ռոք ժանրում: Սկսել եմ դասականից՝ ուսանելով աշխարհահռչակ Գոհար Գասպարյանի դասարանում: Բայց կյանքի ճանապարհը փոխվեց, և ես կարողացա արտահայտել իմ աշխարհը՝ երգելով ռոք ժանրում: Եվ առաջին քայլերս սկսել եմ Stryfe խմբի հետ:

 

  Ինչու՞ հենց ռոք։

 

Եթե այս հարցն ինձ տայիք այն ժամանակ, երբ պատանի էի, այլ պատասխան կհնչեր: Բայց հիմա, անցնելով կյանքի տարբեր փուլեր, հասկացել եմ, որ ինձ համար երաժշտությունը բարձր է տարբեր ոճային տարանջատումներից: Երաժշտությունը, որ նվագում կամ երգում է արվեստագետը, հոգեվիճակ է: Յուրաքանչյուր մարդ յուրովի է արտահայտում իրեն, և ըստ այդմ՝ լինում են խառը, տարբեր երանգներով, ագրեսիվ կամ մեղեդային, բայդ կամ հասանելի հնչյուններով միքսված ստեղծագործություններ: Եվ յուրաքանչյուր երաժիշտ կամ երգիչ ստեղծագործությունը կատարում է կամ ստեղծագործում իր հոգեվիճակից ու աշխարհայացքից ոգեշնչված: Այսպիսով, հիմա չեմ կարող ասել, որ երգում եմ կամ ստեղծագործում ռոք ժանրում, բայց կարող եմ ասել, որ այն ինչ երգում եմ անկեղծ է, և ես հենց այն եմ, ինչ երգում եմ:

 

Խոսենք ձեր խմբի մասին։ Ովքե՞ր են անդամները, ի՞նչ երաժշտական ոճերում եք հիմնականում նվագում։

 

Բոլորովին վերջերս եմ հանդիպել The Steps խմբի տղաներին, բավականին երկար ժամանակ դադար էի տվել: Ինչ խոսք, չէի դադարել ստեղծագործել, բայց այդ մասին՝ հետո: The steps խմբի տղաները շատ տաղանդավոր երաժիշտներ են, ովքեր նվիրված են իրենց գործին, իսկ ավելի կոնկրետ՝ երաժշտությանը; Մենք նվագում ենք հիմնականում ֆանք, բլյուզ, ռոք-ն-ռոլ, այլընտրանքային ռոք և այլն:

 

Ի՞նչ նոր բան կարող է տալ հայ ունկնդրին ձեր երաժշտությունը և ի՞նչ նոր ծրագրեր ունեք։

 

Չեմ կարծում, թե մեր օրերում նոր բան կա: Թվում է, թե արդեն ամենինչ բացահայտված է, և բոլոր հնարավոր և անհնար բաներն արվել են: Հարցն այն չէ, թե ինչ նոր բան կտա հայ հանդիսատեսին մեր երաժշտությունը, այլ այն, որ ինչ էլ հնչի բեմից մեր կատարմամբ, կլինի անկեղծ: Կլինեն հեղինակային երգեր, որտեղ կփորձենք երաժշտության միջոցով փոխանցել մեր “message”-ը: Առավել մանրամասն կխոսենք այդ մասին, երբ հանձնենք մեր հեղինակային ստեղծագործությունները հանդիսատեսի դատին:

 

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ վիճակում է այսօր հայկական ռոքը։

 

Անկեղծ ասած՝ դժվարանում եմ այս հարցին պատասխանել: Շատ կարճ գուցե ստացվի, հնարավոր է՝ ոմանք էլ չհամաձայնվեն ինձ հետ. կարծում եմ՝ մենք դեռ չունենք համապատասխան միջավայր ռոք երաժշտության համար և այն դեռ ապրում է ընդհատակում:

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее