Ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին:
«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով:

Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով:

Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր մանրամասներով, և բոլոր մասնակիցները կկանգնեն օրենքի առջև:

Ավելորդ չենք համարում նշել, որ միգուցե այդ մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ շտապ օգնության մեքենան, մեկ ամենագնացը կարող էին փրկել մեր տղաներից որևէ մեկի կյանքը, էլ չենք խոսում սննդի մասին:

Հարգելիʹ հայրենակիցներ, մենք դատապարտում ենք ինչպես այս, այնպես էլ ցանկացած տեսակի գողություն, որ կատարվել է բանակից: Մենք փոքրիշատե կմխիթարվենք միայն նրանով, որ պատժվեն բոլոր մեղավորները:

Հարգանքներով՝
ՀԵՐՈՍՆԵՐ
1.Արմենակ Ուրֆանյանի,

2. Ռոբերտ Աբաջյանի,
3.Անդրանիկ Զոհրաբյանի,
4.Քյարամ Սլոյանի,
5.Սասուն Մկրտչյանի,

6.Մհեր Երզնկյանի,
7.Վահե Զաքարյանի,
8.Նորիկ Գասպարյանի,
9.Ադամ Սահակյանի ծնողներ:

Հ.Գ. Հայտարարությունը բաց է և կարող են միանալ Հայոց աշխարհի համար նահատակ դարձած զինծառայողների հարազատները»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:
Կարդացեք նաև`ԱԱԾ տեսանյութը Մանվելի՝ Արցախում գտնվող տարածքներից. գտել են նույնիսկ հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման համար
Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
Կասկած կա, որ հատկացված գումարները մուտք չեն գործել «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամ




