Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Մաշա Մնջոյանի հետ, ով պատմել է, որ օրերս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում է նկարահանվել.
«Վերջերս ես, Արսեն Սաֆարյանը, Եվա Եգանյանը եւ երգի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյանը մի նախագիծ իրականցրինք. Միասին նոր երգ ձայնագրեցին ու տեսահոլովակ նկարահանեցինք, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս նախագծի մտահղացումը տեսահոլովակի ռեժիսորինն էր՝ Հարութինը. Կարծում եմ՝ շատ հետաքրքիր ու լավ գաղափար էր՝ այս թեման եւս մեկ բարձրացնել մի քանի երգիչներով»,- նշել է Մաշան՝ հավելելով, որ տեսահոլովակում ներկայացված է նաեւ պատմություն, սյուժե՝ նկարագրելով 1915թ-ից մինչեւ մեր օրերը:
Մաշա Մնջոյանի համար մայիս ամիսը գերհագեցած է լինելու.
«Մայիսը համերգաշատ է լինելու: Նախատեսվում են Հայաստանով մեկ շրջագայություններ, հանդես կգամ «Եվրոպայի օրեր» նախագծի շրջանակում եւ կենդանի նվագակցությամբ ելույթ կունենամ Հայաստանի վեց քաղաքներում՝ ներկայացնելով եվրոպական մշակույթը: Կմասնակցեմ նաեւ մայիսի 22-ին կայանալիք Շարլ Ազնավուրին նվիրված համերգին: Մայիսի 9-ին Հայկ Պետրոսյանի հետ կմասնակցեմ բարեգործական համերգի: Եվ այսպես շարունակ, հերթով թվելու դեպքում երկար կլինի: Միաժամանակ, շարունակելու եմ հանդես գալ իմ բենդով երեւանյան տարբեր ակումբներում»,- հավելել է Մաշան:
Շատերը կհիշեն, որ Մաշա Մնջոյանը նախորդ տարի մեկնեց Սիդնեյ՝ մասնակցելու այնտեղի «X-Factor»-ին: Թեեւ թղթաբանական խնդիրների պատճառով Մաշային չհաջողվեց ներկայանալ այդ մրցույթում, սակայն նա, մի քանի ամիս այնտեղ մնալով, հասցրեց սիրել այս քաղաքը: Դրանից հետո երգչուհին պարբերաբար մեկնում է Սիդնեյ, ինչը նոր խոսակցությունների առիթ է հանդիսացել. Շատերի կարծիքով՝ Մաշան որոշել է մշտական բնակությամբ մեկնել Սիդնեյ եւ նույնիսկ ամուսնանալ այնտեղ: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ երգչուհին նշել է.
«Վերջին անգամ մեկնել էի Սիդնեյ՝ մասնակցելու Արա Գեւորգյանի համերգին: Իսկապես գեղեցիկ ու բուռն համերգ էր, քանի որ Արա Գեւորգյանին այնտեղ շատ են սիրում, ես էլ շատ հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրի «Ադանա» երգը, որը վերջին շրջանում ներկայացվում է ոչ թե որպես գործիքային ստեղծագործություն, այլ՝ երգ: Ինչ վերաբերվում է այնտեղ տեղափոխվելուն, պետք է ասեմ, որ ես իսկապես շատ եմ սիրել այդ քաղաքը եւ մարդկանց, նրանք այնքան ջերմ են, որ վերադառնալուց հետո մի քանի օր դատարկություն եմ զգում: Միաժամանակ, այնտեղ գնալ ու մշտական բնակություն հաստատելու մտադրություն այս պահին չունեմ ու չգիտեմ՝ հետագայում կունենամ նման մտադրություն, թե ոչ: Թերեւս դա կլինի միայն այն դեպքում, եթե հնարավորություն ունենամ այնտեղ ուսում ստանալ: Իսկ ամուսնությանս լուրերը հաստատ սխալ են, նման բան չկա»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում