
Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Մերի Մնջոյանի սպասված մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, բայց ոչ հայրենիքում, առաջիկայում երգչուհու համար բացի սպասվելիք մենահամերգից, համերգային բուռն շրջագայություններ են սպասվում. այս մասին զրույցում հայտնեց հենց երգչուհին.
«Սեպտեմբերի 15-ին կմեկնեմ Ավստրալիա, որտեղ տեղի կունենա իմ առաջին մենահամերգը: Մինչ իմ մեծ մենահամերգը, սեպտեմբերի 27-ին ես կմասնակցեմ հայկական «Նաիրի» պարային խմբի համերգին, որոնց կողմից էլ եղել է առաջարկն ու հրավերը, որպեսզի հենց Ավստրալիայում կայանա իմ առաջին մենահամերգը, ինչն ինձ համար անչափ հուզիչ է եւ պատասխանատու, այն ինձ մեծ պատիվ է բերում»,- նշեց Մերին ու հավելեց.
«Իհարկե, ես շատ կցանկանայի, որպեսզի իմ հայրենիքում ու մասնավորապես Գյումրիում կայանար իմ մենահամերգը, այդ ուղղությամբ ես աշխատում էի դեռ տարվա սկզբին՝ իմ 20-ամյակի կապակցությամբ, սակայն Գյումրու Ավետիսյանների տան ողբերգությունը ողջ Գյումրիի ողբերգությունն էր, ուստի ես էլ ճիշտ չհամարեցի այն իրականացնել: Հուսամ մի՝ օր իմ երազանքը կկատարվի եւ այստեղ՝ Հայաստանում, իմ առաջին մենահամերգը, որը պարտադիր կկայանա Գյումրիում, շատ չի ուշանա»:
Երիտասարդ երգչուհու համերգային արշավները այսքանով չեն եզրափակվի. «Գյումրիի «Գոհար» երգչախմբի հետ միասին նախատեսվում է եւս մեկ համերգային շրջագայություն, որը կկայանա Բեյրութում, որի շրջանակում ես հանդես կգամ որպես մենակատեր. հավատացեք, սրա մասին ես երկար եմ երազել, այն մեծ պատիվ է ինձ համար: Այս շրջագայությունը նախատեսված է իմ՝ Ավստրիալիայից վերադառնալու հենց հաջորդ օրը. այսինքն՝ առաջիկայում ես կլինեմ գերծանրաբեռնված, բայց նման գործունեությունը ինձ միայն ուրախացնում է, քանի որ ես զբաղված եմ լինելու շատ կարեւոր եւ իմաստավոր գործերով, ընդ որում դա կարեւոր է ոչ միայն իմ կարիերայի, այլեւ իմ կյանքի համար»,- նշեց երգչուհին:
Ի դեպ այս ընացքում Մերին, ով սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի երրորդ կուրսում, ստիպված կլինի դասերից երկար ժամանակով բացակայել. «Ես հատուկ թույլտվության դիմում եմ ներկայացրել, որպեսզի հետո լրացնելու պայմանով երկար ժամանակով դասերին չներկայանամ, հուսամ ինձ կընդառաջեն»,- նշեց նա:
Զուգերգներ կատարելով երգչուհին հասցրել է արդեն մեծ ճանաչում ունեցող արտիստների հետ կանգնել մեկ բեմում, այս առումով, երգչուհու խոսքերով, իր երազանքները կատարվում են, բայց դեռ մի երազանք էլ ունի. «Երբ դեռ փոքր էի, շատ էի երազում գոնե մեկ անգամ տեսնել Խորեն Լեւոնյանին, բայց 13 տարեկանում ես հնարավորություն ունեցա երգել նրա հետ, հիմա էլ «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում շատ հաճախ ենք տեսնում իրար: Այնուհետեւ, երբ դեռ չէր սկսվել «Հայաստանի ձայնը» նախագիծը, ես կրկին երազում էի ծանոթանալ Սոնայի հետ, իսկ այսօր ես Սոնայի հետ ունեմ այնպիսի մտերմություն, ինչպիսի մտերմություն կա իմ ու մայրիկիս եւ հորաքրոջս միջեւ, այսինքն՝ երկրորդ երազանքս էլ այդ առումով կատարվեց: Իսկ հիմա շատ մեծ ցանկություն ունեմ Թաթայի հետ զուգերգ ունենալ. Ես նրան անչափ սիրում եմ, հուսամ, որ այդ երազանքս էլ կկատարվի»,-նկատեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում