Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները:
Կարդացեք նաև՝ Թող որ շրջապատված լինեք սիրող ու գնահատող հարազատների ջերմությամբ. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը
Երևանյան մարտի 8-ը սովորաբար նշանավորվում է հատուկ այս օրվա առիթով ինքնատիպ ձևավորմամբ ծաղկային տաղավարներից կանանց ու աղջիկներին բաժանվող ծաղիկներով: Շքեղ վարդերի հետ նրանք ստացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շարքից անմասն չէր մնացել նաև Երևանի մետրոպոլիտենը: Մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ:
Մարտի 8-յան հետաքրքրական միջոցառումների շարքում առանձնացել է տոնական ձևավորմամբ ձիակառքը՝ Երևանի փողոցներում ստեղծելով հեքիաթային մթնոլորտ: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով շրջող ձիակառքի ասպետի կողմից անցորդ կանայք ու աղջիկները ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են ստացել:


