1913 թվականի այս օրը՝ մարտի 19-ին, Արևմտյան Հայաստանի Բաֆրա քաղաքում ծնվել է նահանջի գրականության (հետեղեռնի շրջանի սփյուռքահայ գրականություն) ներկայացուցիչ, բանաստեղծուհի, գրական և հասարակական գործիչ Մառի Աթմաճյանը։ Մառի Աթմաճյանը հայտնի բանաստեղծ Սեմայի քույրն է։
Վաղ հասակում մոր և եղբոր հետ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ստացել է նախնական կրթությունը Դպրոցասեր տիկնանց վարժարանում: Այստեղ կատարել է գրական առաջին փորձերը: 1922թ. որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան: Ավարտելով հայկական նախակրթարանը` մեկ տարի հաճախել է Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյ:
1925թ. ընտանիքով տեղափոխվել է Հալեպ, 1928թ.` Եթովպիա: 1929թ-ից բնակվել է Փարիզում: Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին: 1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում։
Ներկայացնում ենք հայ բանաստեղծուհու գեղեցիկ ստեղծագործություններից մեկը․
Մոռնա՞լ քեզ
Մոռնա՞լ քեզ… ինչպէս… ամէն ձայն ու շունչ,
Ամէն արահետ, շշուկ ու մրմունջ,
Գարնան մէջ ծաղկող վարդ ու քերթուած՝
Ձեռքերուս, սիրտիս, միտքիս են յենած…
Մոռնալ քեզ, անգին, մեռնելէս առաջ…։
Քեզ մոռնալ՝ թաղել է անցեալս անդարձ,
Խայտանքով, սիրով, տեսիլքով բռնկած…
Եւ ուրանալ է էակն՝ որ էր
Բարութեամբ, գութով, կարեկցութեամբ լի,
Որ անբշիռ էր միշտ աչքերուդ դիմաց
Եւ անմահութեան իղձով վերացած…
Եւ ինչպէ՜ս մոռնալ պահերն՝ որ երէկ
Դարձած էին խոհ, մեղեդի, սիրերգ,
Ձգտումն յաւերժին… օ՜, քաղցր յիշատակ…
Քեզ մոռնալ՝ թաղել է կեանքն իմ համակ…։
Առաջին անգամ լոյս տեսած է «Գեղարդ» ի մէջ, Ա. տարի
1975, Հալէպ Սուրիա


