armlur.am-ը գրում է. ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից հատվածով մի խումբ աֆղաններ հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը: Ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ թողտվությամբ, դեռ պարզ չէ:
Այն, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն իրականացնողները կա՛մ տեղում չեն, կա՛մ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ երբեմն չեն կանխում օտարերկրացիների կողմից ապօրինի մուտքը Հայաստան, միանշանակ է: Համենայնդեպս, այդ մասին են վկայում մինչ այժմ պաշտոնապես բացահայտված դեպքերը, թե ինչպես են հայ-թուրքական սահմանը հատում թուրքերը, քրդերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աֆղան Բասիր Ղոլամջեյրանի Նիազին ցանկացել է հատել ՀՀ սահմանը ու որպեսզի կարողանա իր ցանկությունը կյանքի կոչել, խոսել է իր ծանոթ, ազգությամբ աֆղան Նեմաթոլլահ Փարվիզի Քուչայի հետ: Ըստ էության, երկու ծանոթների միջեւ խոսակցությունը այն աստիճան համոզիչ է եղել, որ վերոնշյալ անձինք համաձայնության են եկել հատել ՀՀ սահմանը: Ահա, այսպես՝ 2017 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, վերոնշյալ անձինք ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի ինքնավար մարզից ապօրինի մուտք են գործել Հայաստան:
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ օտարերկրացիները անգամ սահմանը հատում են մարտական դիրքի կողքով ու այս դեպքում մնում են աննկատ: Իսկ ինչպե՞ս է իրավապահներին հաջողվել նշյալ անձանց բռնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու աֆղաններին բռնել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Երասխ գյուղի Օղակաձեւ հրապարակից:
Տեղեկացանք, որ Բասիր Ղոլամջեյրանի Նիազին եւ Նեմաթոլլահ Փարվիզի Քուչային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ ի՞նչ են ասել իրավապահներին մարտական դիրքով սահմանը հատած աֆղանները, ի՞նչ նպատակով էին առանց փաստաթղթի ցանկանում մուտք գործել Հայաստան: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահները նրանցից հետաքրքրվել են, թե ինչպես են իմացել, որ մարտական դիրքով կարող են հատել ՀՀ սահմանը, վերջիններս ասել են, թե իրենք տեղյակ չեն եղել, որ մարտական դիրքով են հատում սահմանը: Ուղղակի այդպես են հատել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


