Ժամանակակից գրականությունը ներառված չէ 2018 թ. բյուջեի պետաջակցության և պետպատվերի ցանկերում:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով պետպատվերի գաղափարը ՀՀ-ում մեկնարկել է 2001-2002 թթ., ինչը ժամանակին շատ կարևոր է եղել մշակութային, գրական դաշտի համար, որովհետև Հայաստանում 90-ական թվականներին ֆինանսների բացակայության պայմաններում ահռելի գրականություն կար, որը մնացել էր մամուլի էջերում, իսկ 2005-2006 թվականներից սկսած՝ դաշտում սկսեցին կատարվել անառողջ երևույթներ:
«Գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված էին պետպատվերի շրջանակում գրքերը ֆինանսավորելու գործում՝ պաշտոնյաներ, հանձնաժողովի անդամներ, սկսեցին մեկը մյուսի հետևից հրատարակչություններ բացել ու գործունեություն ծավալել, չարաշահել գումարների տնօրինումը: Եթե պետպատվերի շրջանակում ֆինանսավորում էր հատկացվում որևէ գրողի գրքի 500 օրինակի համար, շատ ճարպիկ հրատարակիչներ ոչ ամբողջ խմբաքանակն էին հրատարակում, մի քանի օրինակ էլ տալիս էին հեղինակներին և գիրքը, փաստորեն, շրջանառություն չէր ունենում: Ընթացքում սպանվեց առողջ հրատարակչական դաշտը: Կարծում եմ՝ պետական աջակցությունն ազդեց նաև գրական դաշտի արժեքայնության վրա, որովհետև ընտրությունը կամայական էր կատարվում.պետական աջակցություն ստանալու համար պետք էր լինել ՀՀ Գրողների միության անդամ, գրողները պետական աջակցությունից կարող էին օգտվել 2-3 տարին մեկ անգամ: Այսինքն, գրողը հրատարակչին անհետաքրքիր էր դառնում, քանի որ այդ տարի նրան պետաջակցություն չէին տալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով.
«Գրողների 99 տոկոսը պետական աջակցության շրջանակում հատկացված գումամարներից հոնորար չի ստացել, քանի որ ասել են՝ հազիվ գրքին է հերիքում: Այսինքն, պաշտոնապես գրանցված մոտ 300 հրատարակչությունների զգալի մասը, օգտվելով պետական բյուջեի գումարից, գրքի վրա մեկ կոպեկ ծախս չանելով՝ հայտնվում էր դաշտում»:
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանի դիտարկմամբ՝ պետական աջակցությունից օգտվել են 4-5 հրատարակիչներ:
«Ես դեմ եմ ժամանակակից գրողին չաջակցելու գաղափարին: Այդ դեպքում եկե՛ք թատրոնին, կինոյին էլ չաջակցենք: Գրողներ կան, ովքեր չեն ցանկանա աշխատել հրատարակիչների հետ, ովքեր կարող են այդ պահին 300.000 դրամ վճարել ու 6 տարով այդ գրողի հեղինակային իրավունքը գնել: Մարդուն, այո՛, գումարը պետք է, ասենք տան վարձի համար, բայց 6 տարով գերի է մնում: Կարծում եմ՝ աջակցության այլ մոդել է անհրաժեշտ ստեղծել: Պետությունը ոչ միայն պետք է լավագույն գրողներին աջակցի, այլև հանրահռչակման գործում օգնի, իսկ հիմա ստացվում է, որ միջակություններն են առաջ մղվելու, քանի որ աներես են, կարող են հովանավոր գտնել»:
Անի Կարապետյան


