Life.panorama.am-ը գրում է,որ Սոչիում կայացած «Նոր ալիք 2015» երիտասարդ կատարողների մրցույթից երեկ «Լավագույն արտիստ»-ի կոչմամբ Հայաստան է վերադարձել մեր մասնակիցը՝ Գրիգոր Կյոկչյանը: Կայքի հետ զրույցում երգիչը կիսվել է ստացած տպավորություններով և պատմե մրցույթում առաջացած խնդիրների մասին:
«Առհասարակ մրցույթն ինձ համար հետաքրքիր էր. Երեք մրցութային օրերից երկուսը՝ 1-ին եւ 3-րդ օրերը ինձ համար շատ առողջ էին ու հենց առաջին օրվանից ես դասվում էի ֆավորիտների շարքում. շատ լավ արձագանքների արժանացա թե ռուս հանդիսատեսի, թե իմ հայրենակիցների կողմից: Ինչ վերաբերվում է երկրորդ օրվան, սա էլ ավելի կարեւոր էր ինձ համար, որովհետեւ երգի պրեմիերա էր եւ ի ուրախություն ինձ՝ շատ լավ գնահատականների արժանացավ իմ նոր երգը»,- նշել է Գրիգորն ու պատմել մրցությում տեղի ունեցած միջադեպից.
«Առհասարակ, չեմ սիրում, երբ մրցույթում անհաջողությունն արտիստները կապում են ինչ-որ տեխնիկական խոչընդոտների կամ ձայնային ու լսողական խնդիրների հետ, բայց իմ դեպքում այլ էր: Դատելով իմ առաջին և երրորդ օրերի ելույթներից և ստացած բարձր գնահատակններից՝ փաստ է, որ այն, ինչ ինձնից էր կախված, ունեցավ հաջողություն, և խնդիր առաջացավ միայն երկրորդ մրցութային օրը, իսկ այդ խնդրի հիմքում ընկած էր հետևյալ հանգամանքը. քանի որ Հայաստանը այս տարի չկարողացավ գնել «Նոր ալիք 2015» երիտասարդ կատարողների մրցույթի հեռարձակման լիցենզիան, ապա նախորդ տարիներին այդ մրցությում մասնակցած իմ հայրենակիցներից և ոչ մեկը չէր կարող հանդես գալ ինձ հետ զուգերգով: Նախապես պլանավորված էր, որ ինձ հետ այդ օրը պետք է երգեր Սոնա Շահգելդյանը, սակայն ի վերջո ստացվեց այնպես, որ ես պետք է երգեի և երգեցի «IOWA» խմբի հետ: Արդյունքում, երգը ընտրեցին իրենք, որի գործիքավորումը ևս իրականացրել էին իրենք, որը, մեղմ ասած, վատ էր արված: Ի վերջո, մեզ առաջարկվեց ներկայացնել գործիքավորման մեր տարբերակը, որն արժանացավ բոլորի հավանությանը և պետք է հենց այդ տարբերակով էլ հանդես գայինք, որի դեպքում, վստահ եմ, կունենայինք շատ բարձր գնահատականներ, սակայն միայն վերջին պահին մեզ հայտնեցին, որ վերջնական որոշումն «IOWA» խմբինն է, իսկ իրենք էլ պնդում էին, որ պետք է հնչի գործիքավորման իրենց տարբերակը: Ես, բնականաբար, հասկանալով, որ այդ տարբերակը չի կարող ունենալ հաջողություն՝ հայտարարեցի մրցույթին իմ հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին, բայց այդ դեպքում գուցե հանդիսատեսը ինձ չհասկանար, բացի այդ, նման քայլով ես կզրկեի Հայաստանին այդ մրցույթում հետագա մասնակցության հնարավորությունից, ինչն իմ կողմից որպես էգոիզմ կդիտվեր, հետևաբար գիտակցաբար բարձրացա բեմ և երգեցի, իսկ արդյունքն ինձ համար անակնկալ չէր»,- պատմել է Գրիգոր Կյոկչյանը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում