▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ անսպասելի թունավորվել են, պարզվել է՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմն է պատճառը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր  «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներ։

Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը եւ կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին այն՝ դրական գնահատելով:

Ռուզաննա Սադոյանը տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, ընդգրկված են ներկայացուցիչներ թե՛ Առողջապահության նախարարությունից, թե՛ Բնապահպանության: Կան նաև իրավաբաններ:

«Փորձագետներն աշխատում են, կարծում եմ, որ արդյունք կլինի: Բոլորիս շահը մեկն է՝ կարողանալ պահպանել երկիրն ու հասարակությանը գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների բացասական ազդեցությունից»,-ասաց Ռուզաննա Սադոյանը:

Շարունակելով նրա խոսքը՝ Կարինե Դանիելյանը նշեց.

«14 տարի է փորձում ենք կարգավորել այս խնդիրը, անընդհատ խոչընդոտների ենք հանդիպել:  Պատգամավորների որոշ մասը այստեղ վտանգ է տեսնում իր բիզնեսի առումով, սակայն պետք չէ մոռանալ, որ խոսքը ազգային անվտանգության մասին է: Այս տարիների ընթացքում մի շարք ուսումնասիրություններ են կատարվել, երևույթներ բացահայտվել: Ինձ զարմացնում է Առողջապահության նախարարության դիրքորոշումը: Ասում են՝ չունենք բացահայտման դեպք, որ ԳՁՕ օգտագործելուց մարդիկ հիվանդացել են: Հիմա հարցնում եմ՝ ուսումնասիրե՞լ եք, որ նման բան եք ասում: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչն էլ ընդունեց, որ «Մոնսանտո»-ն 2006թ.-ից գործում է, սերմեր են ներմուծում, բայց քիչ: Բացարձակ վերահսկողություն չկա: Արդեն հաստատվել է, որ ԳՁՕ-ները ճնշում են իմունային համակարգը, ալերգիկ հիվանդությունները շատանում են: Գիտական ուսումնասիրություններ են արվել, համացանցում անգամ նկարներ կան, ցույց են տվել, որ ուռուցքներ են առաջանում: Ամենամեծ վտանգն արտահայտվում է սերունդի մոտ: Առաջացել են նոր հիվանդություններ, որոնք հայտնի չեն եղել նախկինում: ԱՄՆ-ում, Ճապոնիայում մարդիկ անսպասելի թունավորվել են, երբ սկսել են ուսումնասիրել՝ պարզվել է, որ ԳՁՕ-ից է: Դա կոչվում է «Մարգելոնի հիվանդություն»:

Բնապահպանի փոխանցմամբ՝ արդեն կան  տվյալներ, որ ԳՁՕ-ները դուրս են բերվել բաց միջավայր ու դուրս են մղել այն բնական տեսակները, որոնք մրցակից են եղել:

«Այդպես կորցրել ենք մի քանի հազվագյուտ տեսակներ: Մեզ մոտ ունենք ցորենի էնդեմիկ տեսակներ, և եթե դա կորցնենք, կնշանակաի բացի մեզանից նաև աշխարհն է կորցնում: Մշակվել են նաև այնպիսի բուսատեսակներ, որոնք պաշտպանվում են գյուղատնտեսական վնասատուներից՝ արտադրելով թույներ: Այս դեպքում շատ են մեղուները վնասներ կրել, սատկել են: Մշակել են եգիպտացորենի տեսակ, որը կայուն է թունաքիմիկատի նկատմամբ: Մոլախոտը ոչնչանում է, եգիպտացորենը՝ ոչ: 2-3 տարի անց պարզվեց, որ մոլախոտը կայունություն ձեռք բերեց: Բնության մեջ անհնար բան է: Այսինքն, ստեղծվել են շարժուն գեներ, որոնք շրջապտույտ են սկսում էկոհամակարգում, իսկ թե ի՞նչ արդյունք կլինի՝ Աստված գիտի: Տարիներ առաջ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ դատական գործերի մեջ էր այս հարցով: ԵՄ ներկայացուցիչն ուղղակի գոռաց մեզ վրա՝ հորդորելով միանալ իրենց, ասաց՝ դուք պատկերացնո՞ւմ եք, որ այն հողը, որտեղ աճեցվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ, այլևս նորմալ բույս չի ընդունում: Միայն ԳՁՕ:  Հաճախ ասում են՝ դա սովից փրկում է: Այդ սերմերը մեկ անգամ ցանում ես, առատ բերք ես ստանում, իսկ երկորդ անգամ ոչ մի արդյունք: Դա արված է այնպես, որ անընհատ գնեն կազմակերպություններից: Մենք ԵՄ երկրների, ՌԴ-ի նման պետք է արգելենք սա: Արտադրող երկրները հիմնականում ԱՄՆ-ն, Կանադան ու Արգենտինան են: Չինաստանն արտադրում է, բայց իրենց մոտ չեն օգտագործում, արտահանում են: Մենք ընդամենը չպետք է վատացնենք եղածը: Շատ երկրներում եմ եղել, մեր բանջարեղենի ու մրգի համն ուրիշ է, ոչ մի տեղ չկա նման բան»,-նկատեց Կարինե Դանիելյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее