Տեղեկացրել էինք, որ 2018թ. հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում 55 տարեկանում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Նրա քրոջ որդին, ով Գերմանիայից ժամանել է Հայաստան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դին տեղափոխվել է Հայաստան.
«Ես եմ զբաղվում այդ թղթերի հարցերով, երեկ ամբողջ ընտանիքը ժամանել է Երևան: Անհասկանալի վիճակում ենք: Ես չէի հավատում, որ այսքան խնդիր է լինելու: Այնքան ենք վիրավորվել: Հույս ունենք, որ իշխանությունը ճիշտ քայլ կանի: Մեկ շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Մարդը մահացել է, դագաղում սպասում է»,-ասաց Սարգիս Հացպանյանի քրոջ որդին:
Նշենք, որ ասուլիսի սկզբում տեղեկացանք, որ Հացպանյանի կնոջ հետ կապ է հաստատել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ալթունյանն ու հայտնել, որ «Մարտական ուղի» փաստաթղթի առկայության դեպքում իրենք պատրաստ են քննարկել այդ հարցը: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն Հացպանյանի հրամանատարները:
Սարգիս Հացպանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 17:30-ին՝ Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Անի Կարապետյան


