Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Համահայկական նվագախմբի» առաջին համերգը, որով կոգեկոչվի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հայ երաժիշտները կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում ներառված են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից:
Համահայկական նվագախմբի տարբերանշանը փյունիկ թռչունն է՝ Հ-աձև պատկերմամբ: «Հ» տառը «Համահայկական» բառի խտացումն է, իսկ փյունիկ թռչունը խորհրդանշում է դժվարագույն պատմական ուղի անցած հայ ազգին, որն ի զորու է կրկին վեր բարձրանալ ու ճախրել երկնքում՝ ինչպես հաղթական մի փյունիկ:
«Այս գաղափարը սկզբում անիրագործելի էր թվում, սակայն Մշակույթի նախարարի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի շնորհիվ իրականություն դարձավ: Հիմա մտածում ենք միայն լավ համերգ տալու մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց.
«Նվագախմբի կազմում աշխարհահռչակ երաժիշտներ են, որոնք ունեն բացառիկ համբավ, անուն, տաղանդ: Իսկ այսօր իրենց արյան կանչով հավաքվել են այստեղ՝ խնկարկելու անմեղ զոհերի հիշատակը»:
Համերգի ընթացքում կհնչի նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը, որը գրվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:
«Այն հերոսական և կամքի կոչ անող ստեղծագործությունը է»,-նկատեց Էդուարդ Թոփչյանը:
Արմեն Ամիրյանն էլ հավելեց, որ ստեղծագորոծություն գրելու գաղափարը Ստեփանակերտում է ծագել, երբ մի խումբ արվեստագետների հետ մեկնել են Արցախ՝ հանդիպելու Հայաստանի նախագահի հետ:
«Այնտեղ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մաեստրո Մանսուրյանը գրի ստեղծագործություն հատուկ այս համերգի համար՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին»,-մանրամասնեց նախարարը:
Անի Կարապետյան


