Life.panorama.am-ը գրում է. Ընդամենը մի քանի օրից հայկական արտադրության բազմասերիանոց ֆիլմերի շարքը կհամալրի «Քարտ բլանշ» գեղարվեստական 24 մասանի ֆիլմը, որը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ:
«Քարտ բլանշ» ֆիլմի սցենարի հեղինակ Աստղիկ Սիմոնյանը պատմել է ֆիլմի ստեղծման եւ դրա ասելիքի մասին:
«Ֆիլմի մտահաղացումը պատկանում է հայր եւ որդի Նշանյաններին, նրանք հանդիպեցին ինձ հետ, պատմեցին իրենց գաղափարի մասին, ես էլ այն հանձնեցի թղթին,- պատմեց սցենարիստն ու շարունակեց,- ֆիլմն արխիվի մասին է, որը երկար տարիներ պահպանել է ընկերներից մեկը: Այդ արխիվում հսկայական տեղեկություններ են ներառված, իրականում այն շատ վտանգավոր է, քանի որ գաղտնի պատմություններն ու անօրինական դեպքերը շատ են այդ արխիվում, որն էլ բացահայտում է Արման Նշանյանի հերոսը: Արդյունքում այդ արխիվը դառնում է զենք, որն էլ մի պահ օգտագործվում է ու պատճառ է դառնում մարդկային որսի: Արխիվը Վիգեն Ստեփանյանի հերոսի ձեռքում է լինում, ինձ համար հենց նա է գլխավոր հերոսը, թեպետ նրա հերոսի հուղարկավորությամբ է սկսվում ֆիլմը»:
««Քարտ բլանշ»-ում գրեթե բոլոր դերասանները գլխավոր են, իհարկե, հիմնական կորիզը կազմում են ավագների խումբը՝ ի դեմս Սամվել Սարգսյանի, Վիգեն Ստեփանյանի, Ժան Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, ովքեր մանկության ընկերներ են: Հենց նրանց եւ նրանց ժառանգների շուրջ է զարգանում ողջ սյուժեն»,- հավելեց սցենարիստը:
Աստղիկ Սիմոնյանը նկատեց, որ ֆիլմն ունի հատուկ հաղորդագրություն.
«Ինձ համար շատ կարեւոր է ինչ-որ բան գրելիս մեսիջ ուղարկել, ինձ համար դատարկ են այն ստեղծագործությունները, որոնք չունեն ասելք: «Քարտ բլանշ» ֆիլմի մեսիջը կայանում է նրանում, որ մարդիկ որեւէ քայլ անելիս լավ մտածեն, որովհետեւ կյանքը բումերանգ է եւ մի օր կարող է հետ գալ այն ամենը, որի սերմը ցանել եք ինքներդ: Մարդը ձգտում է ռեալիզացվելու, որի ընթացքում ոմանց հետաքրքրում է հարստությունը, ոմանց իշխանությունը, ոմանց անունը: Կյանքի ընթացքում հանդիպում ենք փորձություների, որոնց ժամանակ մեր ընտրությունից կախված երբեմն մնում ենք մարդ, երբեմն էլ կատարում ենք բաներ, որոնց համար դժվար ենք պատասխան տալիս: Այս ֆիլմի հերոսները ամեն ինչ ունեն՝ փառք, հարստություն, իշխանություն, բայց նրանց կյանքը չի ընթանում այնպես, ինչպես իրենք կցանկանային, իսկ դա նրանց կատարած գործերի, սխալ ընտրությունների արդյունքն է: Բայց ինչպես կյանքում, մեր հերոսների դեպքում էլ՝ նրանք երազում են ստանալ «Քարտ բլանշի»՝ ամեն ինչ նորից ու մաքուր էջից սկսելու հնարավորություն, որի իրավունքն ի վերջո բոլորն են ունենում, իսկ այդ հնարավորությունը նրանք ստանում են այդ արխիվը թաքցնող հերոսի կողմից. Վիգեն Ստեփանյանի հերոսը իր ընկերների համար մահից առաջ կարողանում է «Քարտ բլանշի» պայմաններ ստեղծել»,- մանրամասնեց սցենարիստը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում