▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները. Մկրտչյանի ու Հաջիևի շատ ջերմ ձեռքսեղմումը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Լուսանկարը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն պատկերում է Վաշինգթոնում տեղի ունեցած մի միջոցառմանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի ձեռքսեղմումը Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ:

Դատելով լուսանկարից, այն ոչ միայն պարզապես դիվանագիտական ձեռքսեղմում է, այլ շատ ջերմ ձեռքսեղմում: Ընդ որում, հարկ է նկատել, որ դատելով պատկերից, այն վաղեմի ծանոթների ձեռքսեղմում է: Այսինքն մարդկանց, որոնք նախկինում ունեցել են շփումներ, բավականին ծանոթ են միմյանց:

Թե որտեղ են շփվել Նարեկ Մկրտչյանն ու Հիքմեթ Հաջիևը նախկինում, դժվար է ասել: Գիտենք, որ Մկրտչյանը Հայաստանում սոցապնախարար էր և ի պաշտոնե չուներ Ալիևի օգնականի հետ շփվելու անհրաժեշտություն:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Մկրտչյանը բավականին սերտ կապեր ունի ամերիկյան կրոնական կազմակերպությունների հետ, մասնակցել է նրանց միջոցառումներին, և գուցե հենց այդ լոբբինգի ազդեցությամբ էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան: Հնարավոր է, որ Մկրտչյանն ու Հաջիևը նախկինում հանդիպել են հենց այդպիսի միջոցառումներից որևէ մեկի ժամանակ»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ լրատվականներում տարածված այս լուսանկարում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն է, ով մտերմիկ, տվյալ դեպքում՝ եղբայրական զրույցի մեջ է Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ․ նկարից ակնհայտ է դառնում, որ առկա մթնոլորտը ոչ միայն դիվանագիտական միջավայրին բնորոշ շփում է, այլև հստակ քաղաքական ուղերձ։
Նախ՝ նշեմ, որ դիվանագիտության մեջ կողմերի հանդիպումն ու շփումը բնական գործընթաց է, սակայն կարևոր է տարբերակել պարտադիր շփումները և դրանց հանրային ներկայացման ձևը։ Ըստ էության՝ այս լուսանկարը չի փոխանցում զուտ պաշտոնական հարաբերություն, այլ ցուցադրում է անկաշկանդ, գրեթե բարեկամական մթնոլորտ։
Նման կադրերը միջազգային հարթակներում կարող են ընկալվել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի օրակարգին հերթական անգամ հարմարվելու դրսևորում։ Թերևս գաղտնիք չէ, որ Հաջիևը երկար տարիներ եղել է Ալիևի արտաքին քարոզչության առանցքային դեմքերից, և նրա հետ ջերմ շփման հրապարակայնացումը թույլ է տալիս Բաքվին ցույց տալ, որ հարաբերությունների «բեկումը» տեղի է ունենում Հայաստանի համաձայնությամբ։
Այստեղ Հայաստանը արտաքին գործընկերների աչքում ներկայանում է ոչ թե որպես կոշտ ու պահանջատեր կողմ, այլ որպես համակերպված և նույնիսկ բարեկամական տրամադրությամբ ներկայացվող դերակատար, դա նվազեցնում է մեր մանևրելու հնարավորությունները բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանի դեմ վարել է բացահայտ թշնամական քարոզչություն, որի հիմնական խոսափողն ու գլխավոր քարոզիչը եղել է նույն Հաջիևը։ Այսօր նրա հետ այս «բարեկամական կադրերը» տարածվում են միջազգային դաշտում՝ որպես ապացույց, որ Հայաստանը ոչ միայն զիջումների է պատրաստ, այլ արդեն ներքուստ հաշտված է պարտվածի կարգավիճակի հետ։
Այստեղ առկա է հասարակական ընկալումների և արտաքին ուղերձների հակասություն. այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության օրակարգի» քայլ, հանրային դաշտում ընկալվում է այլ կերպ։ Արդյունքում ստեղծվում է հակասություն՝ արտաքինում Հայաստանի հարմարվողականության պատկերի և ներսում հասարակական դժգոհության միջև։
Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը։ Այն, ինչ կարող էր մնալ դիվանագիտական աշխատանքի տեխնիկական դաշտում, վերածվել է քաղաքական ուղերձի։ Իսկ այդ ուղերձը միջազգային լսարանին ցույց է տալիս Հայաստանը որպես թուլացած կողմ, իսկ ներքին լսարանին՝ որպես սեփական շահերի պաշտպանության ունակ չեղող պետություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее