▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում 26-ամյա կինը իր հետ չամուսնացած տղաների կանանց վարկաբեկել է համացանցում` մեկին հասցնելով ինքնասպանության

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Անի Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Անի Բ.-ն  2013 թվականի փետրվարից մինչև հունիս մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ավետ Ա.-ի հետ (անունը փոխված է): Երբ հարաբերությունները հունիսին խզվել են, Անին իմացել է, որ Ավետը ցանկանում է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա՝ Մանեի հետ(անունը փոխված է):

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետից վրեժխնդիր լինելու  նպատակով Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Մանեի լուսանկարների գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվար Անի Բ.-ն պարբերաբար նվաստացրել է Մանեի արժանապատվությունը՝ «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցիալական կայքերում Մանեի անունով բացելով անձնական էջեր և այնտեղ տեղադրելով իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:

Արդյունքում Մանեն 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում գտնվելով տանը, փորձել է նետվել պատուհանից և ինքնասպան լինել, սակայն եղբայրը տեսել ու կանխել է Մանեի ինքնասպանությունը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն 2014 թվականի մարտից մինչև ապրիլի վերջը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մեկ ուրիշ երիտասարդի՝  Ալենի հետ (անունը փոխված է): Երբ Ալենի հետ հարաբերությունները խզվել են, Անին պարզել է, որ Ալենը ցանկանում է ամուսնանալ ուրիշ աղջկա՝ Նունեի հետ (անունը փոխված է): Ալենից վրեժխնդիր լինելու նպատակով, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Նունեի ու նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել է գլխի հատվածները, դրանք տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Անին «Օդնոկլասնիկի» կայքում Նունեի անունով բացել է կեղծ անձնական էջեր, որտեղ տեղադրել է իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով կայքի օգտատերերին:

Անի Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու և երկու դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, դրանք համացանցի միջոցով հրապարակելու և տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 263 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Անի Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ավետ Ա.-ին ճանաչել է, նրա հետ շփվել է միայն հեռախոսով, ոչ մի անգամ չի հանդիպել: Իրենց հարաբերություններին վերջ է դրել ինքը, որովհետև Ավետը անհիմն խանդոտ էր, նա իրեն դրել է երկընտրանքի առաջ՝ կամ իրենց սերը կամ բեմը:

Ինքն ընտրել է բեմը, շարունակել է երգել: Ավետի նկատմամբ խոր զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Իրենց հարաբերությունների հիմքում ընկած էր հարգանքը: Նրա հետ շփումը դադարեցնելուց հետո ինքը չի հետաքրքրվել նրանով, տեղեկություն չի ունեցել նրա մասին:

2014 թվականի հունիսին իրենց բնակարան են մտել ոստիկանները, ինքը նրանց հետ գնացել է ոստիկանություն ու քննիչից է իմացել, որ Ավետն ամուսնացել է, ու գործով տուժող ճանաչված Մանեն Ավետի կինն է: Ինքը քննիչին ասել է, որ Մանեին չի ճանաչում, հետևաբար այն արարքները, որոնց համար իրեն մեղադրում են, ինքը չէր կարող կատարած լինել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее