Armlur.am-ը գրում է. Անցել է մեկ տարի, սակայն հեռուստադիտողների հիշողության մեջ դեռ թարմ է այն անսովոր տեսարանը, երբ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկություն արեց գործընկերուհուն` Լիլիթ Մուրադյանին:
Ամիսներ անց նրանք դադարեցին զուտ գործընկերներ լինելուց եւ միմյանց կապվեցին նաեւ ամուսնական թելերով: «Ժողովուրդ»-ը Լիլիթ Մուրադյանի հետ զրուցել է նրա կյանքի այս նոր փուլի մասին:
-Լիլի՛թ, հեռուստատեսությունից զատ Ձեզ այլ ոլորտում պատկերացնո՞ւմ եք: Կա՞ մեկ այլ աշխատանք, որով կցանկանայիք զբաղվել:
-Նախ` հեռուստատեսությունում աշխատելով` ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, բացի այդ` իմ աշխատանքը չի սահմանափակվում միայն հաղորդում վարելով. օրինակ` նաեւ տեսանյութերի հեղինակ կամ համահեղինակ եմ, կատարում եմ այլ հավելյալ աշխատանքներ եւս:
-Իսկ ամուսնանալուց հետո Ձեր գործընկերոջ, արդեն նաեւ ամուսնու հետ եթեր դուրս գալու հանգամանքը հուզմունքի առիթ չի՞ տվել:
-Ո՛չ, դա հուզմունքի առիթ տալ չի կարող, քանի որ Վահեն մեկ տարի շարունակ եղել է իմ գործընկերը եւ հետո է դարձել իմ ամուսինը: Իսկ մեր ամուսնանալու հանգամանքը ոչ մի կերպ չանդրադարձավ մեր աշխատանքի վրա: Իրավիճակն այլ կլիներ, եթե մենք ամուսիններ լինեինք եւ հետո նոր միասին հայտնվեինք եթերում:
-Եղե՞լ է այնպես, որ ցանկանաք միասին չաշխատել, դադարել գործընկերներ լինելուց:
-Իմ դեպքում, այո, եղել է, Վահեի դեպքում` ոչ. նրա համար այսպես ավելի հեշտ է: Ես նույնպես ասում եմ, որ դժվար կլինի ուրիշի հետ աշխատելու գործընթացը, բայց լինում են պահեր, որ ասում եմ` ավելի լավ է` միասին չաշխատեինք:
-Ամեն դեպքում, գործընկերների շրջանում առկա է նաեւ մրցակցություն: Ինչպե՞ս են ամուսինները «մրցակցում» այս դեպքում:
-Առհասարակ, աշխատանքի մեջ ընկերություն չկա. ամեն մեկն ուզում է ինքը լինել առաջինը: Իսկ մեր տարբերակում առկա է ամուսնություն: Այնպես որ, իրար նկատմամբ առավելություն ցույց տալը սիրուն չի լինի: Մենք երկուսս էլ ասում ենք, որ մեր միջեւ մրցակցություն չկա, բայց երեւի թե անկախ մեզանից լինում են ինչ-որ պահեր…Ամեն դեպքում, ավելի շատ լինում են ուղիղ եթերում միմյանց սատարելու պահեր: Վահեն առաջին օրվանից էլ ինձ համար եղել է ուշադիր ու լավ գործընկեր: Եթե հաղորդավարը մտածում է իր, այլ ոչ թե հաղորդման մասին, դա սխալ քաղաքականություն է: Մենք մտածում ենք լավ հաղորդում ունենալու մասին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում