Armlur.am-ը գրում է.
«Ջեզլ» եւ «Վաղորդյան կաթիլներ» խմբերի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանին հեռուստադիտողները հիշում են երաժշտական նախագծերից, որտեղ նա ներկայանում էր ժյուրիի կազմում: Այսօր արդեն վերջինս ժամանակ չի գտնում նման նախագծերի համար, սակայն բոլորս էլ հիշում ենք «Հայ սուպեր-սթար» նախագծի անդամներից ամեն մեկի ելույթի հետ նրա ունեցած ապրումները: «Ժողովուրդ»-ը Նաիրա Գյուրջինյանին խնդրել է անդրադառնալ նրանցից մի քանիսի ներկայիս գործունեությանը, տարիների բովով նայել մասնակիցների անցած ուղուն:
-Տիկին Գյուրջինյան, վերջին շրջանում Ձեզ եթերում, երաժշտական նախագծերի շրջանակներում չենք տեսնում. ի՞նչն է պատճառը, ինչո՞վ եք այժմ զբաղված:
-Ուղղակի ժամանակս չի ներում, ստուդիաներիս հետ կապված ծրագրերն աշխատատար են, իսկ հեռուստատեսությունն ինձանից բավական շատ ժամանակ էր խլում: Ես չեմ ուզում որեւէ գործ անել ,երեխաներիս հաշվինե. երբ որեւէ նախագծում ընդգրկվում եմ, նրանք անտեսվում են: Հիմա իմ ստուդիաներն ակտիվ աշխատանքային գործընթացների մեջ են, պատրաստել ենք ամանորյա մյուզիքլ, դեկտեմբերի 14-ին կներկայացնենք Պետական տիկնիկային թատրոնում, բեմում հանդես կգան 6-10 տարեկան երեխաներ: Առաջիկայում ,Ջեզլե-ն էլ կներկայանա համերգային մեծ ծրագրով: Հետագայի համար պլանավորում եմ թինեյջերական մեծ ծրագիր, որի շրջանակներում ակումբներից մեկում կհնչեն ,Բիթլզե-ի երգերը` կենդանի հնչողությամբ եւ նվագակցությամբ. բեմում կլինեն 14-18 տարեկան երեխաներ:
-Հիմա հետեւու՞մ եք մեր փոփի ներկայացուցիչների աշխատանքին, ի՞նչ ուղով են նրանք գնում:
-Այո, վերջերս, օրինակ, ներկա էի Էրիկի մենահամերգին եւ շատ ուրախացա` տեսնելով այն նշաձողը, որ ինքն էր սահմանել իր համար: Ամեն բան արված էր գրեթե եվրոպական մակարդակով, սկսած շոուից` մինչեւ նվագախմբի աշխատանք, լուսային էֆեկտներ: Վերջերս ԱՄՆ-ում շատ շոուներ եմ տեսել, եւ ինձ թվում էր, որ դրանից հետո` առնվազն կես տարի, ինձ այստեղ հնարավոր չի լինի հետաքրքրել, բայց, փաստորեն, սխալվում էի: Լավն այն է, որ հիմա հաջորդ երգիչը, ով կփորձի մենահամերգ տալ, պետք է պահի Էրիկի սահմանած նշաձողը կամ ավելի բարձրացնի այն. արդյունքում կապահովվի որակ:

-Տիկի՛ն Գյուրջինյան, ժամանակը հայսուպերսթարցիներից ամեն մեկին տարել է տարբեր ուղղությամբ: Փորձենք տեսնել, թե նրանցից ովքեր ինչ ուղի են բռնել…
-Այո, ես կցանկանայի սկսել Գրիգոր Կյոկչյանից, ով երգարվեստում իր առաջին քայլերն արել է հենց այս նախագծի շրջանակներում: Մեզ մոտ եկավ մի երիտասարդ, որն անգամ չգիտեր, թե իրեն բեմում ինչպես պահեր, ձեռքերն ուր դներ: Ես այդ ժամանակ պրոդյուսեր էի, անընդհատ ասում էի. «Ձեռքերդ քեզ խանգարում են, դի՛ր գրպանդ»: Հիմա ակնհայտ կերպով զգացվում է նրա աճը, Գրիգորը գտնվում է շատ հուսալի ձեռքերում, Արթուր Գրիգորյանի կողքին է: Նա շատ երաժշտական տղա է, ուրախ եմ, որ նաեւ երգեր է գրում:

-Իսկ ի՞նչ կասեք, օրինակ, Միհրան Ծառուկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի մասին:
-Ճիշտն ասած` Միհրանին վաղուց չեմ լսել, ես անգամ չգիտեմ` հիմա նա միայն նկարահանվում է, թե նաեւ երգում է, ուստի ոչինչ ասել չեմ կարող:

Իսկ ինչ վերաբերում է Լիլիթին, ասեմ, որ վերջերս նրա տեսահոլովակն էի դիտում, նա ինչ-որ մեքսիկական երգ էր երգում: Լիլիթն, իհարկե, շատ տաղանդավոր աղջիկ է, նա Երգի պետական թատրոնում սովորում էր ինձ մոտ, ես եմ իրեն ստիպել, որ մասնակցի «Հայ սուպեր-սթար»-ին, ասացի. «Գնա՛, դու պետք է գնաս, դա քեզ համար կլինի տրամպլին»: Լիլիթը շատ ընդունակ է, երաժշտական, բայց այն ժամանակ ամաչկոտ էր, հազիվ էի բրդում բեմ, իսկ հիմա տեսնում եմ, որ բացվել է, շատ տեսահոլովակներ է նկարահանում: Ու թեեւ սա շոու-բիզնես է, եւ ամեն մեկն ինքն է ընտրում իր ուղին, ես պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ իմ ականջին թվում էր, թե Լիլիթը Տաթեւիկ Հովհաննիսյանից հետո կդառնար լավագույն ջազ երգչուհին, եթե ուրիշ ուղի բռներ: Բայց նա գնաց այլ ճանապարհով, երեւի իր համար դա էր ճիշտ տարբերակը, ամեն դեպքում, այն ոճը, որը նա ներկայացնում է, ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում