Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լիանան պատմել է, որ Ամանորը անցկացրել է բավականին բարձր տրամադրությամբ որդու` Ալենի շնորհիվ, ով մինչ այսօր շարունակում է ուրախանալ Ձմեռ պապի նվերով.
«Որդուս ամանորյա երազանքն էր Ձմեռ պապիկից ստանալ «Սարդ-մարդու» հագուստը, դե իսկ մեր Ձմեռ պապն էլ իրականացրեց Ալենի երազանքը: Չեմ կարող նկարագարել նրա ուրախությունը, երբ ստացավ սպասված նվերը, մինչ այսօր այդ հագուստով քնում-արթնանում է»,- պատմեց Լիանան ու հավելեց.
«Բացի նվերից, Ալենը մեծ ոգեւորությամբ սպասում էր նաեւ տոնածառին, հիմա էլ ամբողջ օրը վառում է տոնածառի լույսերը եւ սկսում խաղալ. հավանաբար մեր տոնածառը սովորականից մի փոքր երկար կմնա, որպեսզի Ալենի ու նաեւ մեր ուրախությունն էլ մի փոքր ավելի ձգվի: Չեմ կարող չնշել նաեւ, որ Ալենի ուրախությունը լիակատար է դարձել մանկապարտեզ չհաճախելու շնորհիվ. տղաս այդպես էլ չի հարմարվում այն մտքին, որ բոլոր երեխաներն էլ մանկապարտեզ են հաճախում»:
Լիանան նկատեց նաեւ, որ այս Նոր տարին դիմավորել է մի փոքր վատառողջ վիճակում. «Ճիշտ է՝ դեռեւս լիովին չեմ կազդուրվել, բայց Նոր տարին դիմավորեցի իմ սիրած ձեւով՝ ընտանիքիս հետ. տղաս մշտապես ապահովում է մեր բարձր տրամադրությունը: Դեռ անցյալ տարվանից մի փոքր առողջական խնդիրներ ունեմ, որի պատճառով ստիպված եղա մերժել բոլոր առաջարկներն ու Ամանորին երգել միայն իմ մշտական աշխատավայրում»,- նշեց նա:
Լիանայի սպասելիքները 2016-ից բավականին մեծ են, քանի որ երգչուհին ծնվել է Կապիկի տարում. «Սա իմ տարին է, հուսով եմ՝ այն ինձ կբերի հաջողություններ ու այն ամենն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է: Մի շարք ծրագրեր ունեմ, որոնք անցյալ տարի չկարողացա կյանքի կոչել, հուսամ այս տարի կկարողանամ դրանք իրականացնել: Մի քանի նոր աշխատանքներ ունեմ, որոնք ուզում եմ հերթով ներկայացնել իմ հանդիսատեսին, որոնցից մեկի հիման վրա տեսահոլովակ եմ ուզում նկարահանել՝ Աստված առաջ, տեսնենք ինչպես կստացվի»,- նշեց երգչուհին:
Ի դեպ՝ Լիանան նշեց, որ կցանկանա այս տարի ավելի ակտիվ երգերով ներկայանա. «Այնպես է ստացվում, որ երգահանները ինձ հիմնականում տեսնում են ռոմանսների մեջ, բայց ես էությամբ ակտիվ մարդ եմ ու կցանկանայի ավելի ակտիվ, ուրախ երգերով եւս ներկայանալ: Բացի այդ, ժողովուրդն էլ արդեն հոգնել է դանդաղ երգերից եւ ակտիվ երգերի պահանջ ունի»,- հավելեց նա:
Մեր այն հարցին, թե իր՝ Կապիկի տարին հնարավո՞ր է ընտանիքում նոր համալրում բերի, Լիանան ծիծաղելով պատասխանեց. «Տղաս շատ չար է եւ երեք բալիկի տեղ է գրավում, դեռ իրեն պետք է մեծացնենք: Ալենը շատ խանդոտ է, անգամ մեզ հետ ապրող շունիկին է խանդում, այնպես որ չգիտեմ քույրիկի կամ եղբայրի դեպքում ինչպես կարձագանքի որդիս»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում