▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց

Թարմացված․ Կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ պաշտպանյալն ու իր 8 ամսական երեխան տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Սակայն պաշտպանին թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին: «Դա քիչ է, մի տղամարդ էլ գտնվում է Լիանայի հետ նույն հիվանդասենյակում` իբրև հսկիչ: Սա օրենքի կոպտագույն խախտում է: Ինչպե՞ս սա կմեկնաբանես, Սրբուհի Գալյան: Ի՞նչ իրավունք ունի անծանոթ տղամարդն ուրիշի կնոջ ու երեխայի հետ նույն հիվանդասենյակում: Այն դեպքում, երբ երեխայի հորն անգամ չեն տեղեկացնում, թե որտեղ են իր երեխան ու իր կինը»,- զայրացավ Փոստանջյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում:

Կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին երկու օրերին ստացված բազմաթիվ հեռախոսազանգերը, նամակներն ու մեկնաբանությունները՝ տեղեկացնում եմ, որ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ցանկանում են որևէ կերպ աջակցել կալանքի տակ գտնվող Լիանա Հարությունյանին և նրա փոքրիկ դստերը, կարող են ուղարկել իրենց մտահոգությունը ներքոնշյալ տեքստի միջոցով՝ տիկին Աննա Վարդապետյանի info@prosecutor.am էլեկտրոնային հասցեին. «ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին
Հարգելի տիկին Վարդապետյան,
2025 թվականի հուլիսի 11-ին, տեղեկացա, որ կալանավորվել է քաղաքացի Լիանա Հարությունյանը։
Կալանավորումը տեղի է ունեցել նրա կողմից ոչ թե հանցանք, այլ իր մասնագիտական ծառայությունները կատարելու շրջանակներում։
Հարգելի տիկին դատախազ, վստահ եմ, որ Դուք քաջատեղյակ եք, որ Լիանա Հարությունյանն ունի երեք անչափահաս երեխա, որոնցից ամենափոքրն ընդամենը 8 ամսական է։ Դատավոր Մաթևոսյանի կողմից կայացված ծայրահեղ միջոցը՝ կալանավորումը, այս պարագայում խախտում է ոչ միայն մոր, այլև երեխայի հիմնարար իրավունքները։
Տիկին Վարդապետյան,
որպես կին՝ Դուք անշուշտ լիովին պատկերացնում եք, թե որքան խնամք, սեր և հարմարավետ միջավայր է պահանջում 8 ամսական երեխան։ Ցավոք, քրեակատարողական հիմնարկներում նման պայմանների ապահովումը գրեթե անհնար է։ Խոնավությունն ու ոչ բավարար հիգիենիկ պայմանները՝ ներառյալ երեխայի չոչ անելը, օրվա ընթացքում տակդիրի մի քանի անգամ փոխելու, երեխային լվացնելու և լողացնելու անհրաժեշտությունը, կարող են լրջորեն վնասել փոքրիկի առողջությանը և նույնիսկ վտանգել նրա կյանքը։
2025 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, արդեն իսկ արձանագրվել է երեխայի ամբողջ գիշեր շարունակվող փորլուծության և մաշկի վրա ցանի առաջացման խնդիրները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ Ձեր իրավասության շրջանակում անհապաղ միջամտել այս իրավիճակին՝ դիտարկելով կալանավորման որոշման վերանայման հնարավորությունը։
Պետք է թույլ չտալ, որ արդարադատության գործընթացում տուժեն անմեղ փոքրիկներ»»։

3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՄԻՊ-ի գրասենյակից իրեն տեղեկացրել են, որ Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական երեխային տարել են հիվանդանոց` երեխայի առողջական վիճակով պայմանավորված: Սակայն ոչ իրեն` պաշտպանին, ոչ Լիանայի ամուսնուն, ոչ էլ մորը չեն հայտնում, թե ուր են տարել: «Դա պատճառաբանում են ինչ-որ բժշկական գաղտնիքով, այնինչ ես վստահ եմ, որ լուրջ հանցանք է կոծկվում: Արդարադատության նախարարությունը նաև հերքում է, թե Լիանային տեղավորել են տաք ջուր ունեցող համարում: Ցույց տվեք այդ հինգաստղանի համարը, տեսնենք` այդ ի՞նչ պայմաններ են, որտեղ երեխան մի քանի օրում լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց»,- հայտարարեց Փոստանջյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում:

***

Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց

Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ ներկայացուցիչ չի այցելել կալանավայրում գտնվող քաղաքացի Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը

***

Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իմ հարցմանն ու հայտնած մտահոգությանն ի պատասխան տեղեկացվեց, որ Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց։

Քանի որ ինձ չեն տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե որ բժշկական կենտրոնում են գտնվում Լիանա Հարությունյանն ու նրա փոքրիկ դուստրը, այդ հարցը մտահոգում է նաև երեխայի հայրիկին և տատիկին։ Նրանք մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեն Լիանայի և փոքրիկի գտնվելու վայրի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, պարզ է մի բան՝ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ ներկայացուցիչ չի այցելել կալանավայրում գտնվող քաղաքացի Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը։

Լիանա Հարությունյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան

13 հուլիսի, 2025թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее