«Հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտան մի խումբ մարդիկ, որոնք ջարդուփշուր արեցին կառավարության շենքը։ Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքում էր նաև ԲՀԿ պատգամավորներից մեկը՝ Դավիթ Մանուկյանը»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
ԲՀԿ-ականները դահլիճից բուռն արձագանքեցին Լենա Նազարյանի հայտարարությանը։ Նրանց խոսքերով՝ իրենց աշխատասենյակները նույնպես ջարդուփշուր են արվել և Լենա Նազարյանի խոսքերը որակեցին մանիպուլյացիա։ Սկսվեց վիճաբանություն, ինչից հետո նիստը քսան րոպեով ընդմիջվեց։
Հավելենք, որ մինչ այդ էլ, ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմությանը՝ Լենա Նազարյանն ասել էր․ «Եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա խելամիտ մարդիկ հասկանում են, որ նախևառաջ պիտի կայունություն լինի, պիտի որոշ ժամանակ անցնի»:
«Դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ իրականացնել: Դա հնարավոր չէ, մարդիկ վշտի մեջ են․․․»,- նկատեց Նազարյանը, ում պատգամավորները դահլիճից հերքեցին՝ նշելով, որ վարչապետի հրաժարականն են պահանջում այս պահին։