Եվրամիության մի շարք երկրներ քննարկում են ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման կամ ՌԴ-ից իրենց դիվանագետների հետկանչման հարցը՝ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւին իրազեկել է ռուս դիվանագետների արտաքսման հարցով իր որոշման մասին։
Հիշեցնենք, որ բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական դեպարտամենտի ղեկավար Մարկ Ռոուլին Լոնդոնում հայտարարել է, որ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստր Յուլիան թունավորվել են շատ հազվագյուտ նյարդապարալիտիկ մի նյութով:
Այս իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունների սրման առիթ է հանդիսացել:
Մարտի 14-ին վարչապետ Թերեզա Մեյը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ ռուսաստանցի 23 դիվանագետներ կարտաքսվեն Մեծ Բրիտիանիայից, քանի որ պաշտոնական Մոսկվան այդպես էլ ոչ մի բացատրություն չներկայացրեց: Դիվանագետներին հավաքվելու համար մեկ շաբաթ ժամանակ է տրվել: Մեյի խոսքերով՝ արտաքսվելու են այն դիվանագետները, որոնց Լոնդոնը լրտեսության մեջ է կասկածում:
Բացի դա, Միացյալ Թագավորության կառավարության և արքայական ընտանիքի անդամները չեն մասնակցի ամռանը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Այս ամենին ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց պատասխանը շատ կտրուկ է լինելու. «Պատասխանը այնպիսին է լինելու, որ Մեծ Բրիտանիան զղջալու է իր գործողությունների համար»,- նշել էր նա: Ավելի ուշ ասել է նաև, որ Ռուսաստանն էլ իր հերթին է արտաքսելու բրիտանացի դիվանագետներին, իսկ ժամկետնեի մասին ասել է` «շուտով»:


