Blognews.am-ը գրում է. Հրանտ Թոխատյանը պատմում է. «Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին նոր ներկայացման փորձ էր նշանակված: Մենք պատրաստվում էինք պրեմիերային, գրեթե ամբողջ դերասանական կազմը թատրոնում էր: Փորձից մի քանի ժամ հետո մենք զգացինք տատանում. Երևանը ցնցվեց: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ է պատահել: Ես զանգեցի տուն, կինս ասաց. «Ինչ-որ ահավոր բան է եղել Լենինականում»: Սակայն դեռ միայն շշուկներ էին պտտվում: Գնացի տուն, հավաքեցի ընտանիքիս ու տարա ապահով տեղ: Հետո վերադարձա թատրոն, և առաջին տեղեկություններն արդեն հասել էին: Ասում էին, որ ամեն ինչ ավերվել է, սակայն դա գլխիս մեջ չէր տեղավորվում:
Թատրոնում որոշեցինք Լենինականին օգնության հասնել: Մեր բժիշկները գրանցվեցին «Շտապ օգնության» բրիգադում, մնացածներս չէինք հասկանում, թե ինչով կարող ենք օգտակար լինել, սակայն տանը նստելն անհնար էր, հավանաբար այնտեղ ավել ձեռքեր էին անհրաժեշտ:
Անհնար է նկարագրել, թե ինչ էր կատարվում Երևան-Լենինական մայրուղու վրա: Հայաստանի բոլոր քաղաքներից, անգամ ամենահեռավոր ծայրերից գալիս էին մեզ նման ինքնակամ բրիգադներ: Մեքենաների քանակին հաշիվ չկար: Ոչինչ չէր շարժվում: Մարդիկ մեքենաները թողնում էին փողոցի վրա և ոտքով գնում:
Մենք էլ այդպես արեցինք: Լենինական հասանք վաղ առավոտյան և սկզբից անգամ չհասկացանք, որ քաղաք ենք մտել: Դա ահավոր էր: Ոնց որ դաժան ռմբակոծումից հետո լիներ, հավանաբար նման բան տեսել էր միայն այն մարդը, ով անցել էր պատերազմի միջով: Որքան շատ էինք մտնում Լենինական, այնքան ավելի սարսափելի էր դառնում աղետի մասշտաբները: Չկար այն հյուրանոցը, որում դու ապրել էիր: Չկար խանութը, ուր դու մտնում էիր: Չկային տները, որտեղ ապրում էին քո ընկերները: Ընդհանրապես բոլոր նոր տները վերածվել էին ավերակների, մնացել էին միայն հին շինությունները..:
Առաջին օրը քաոսային էր: Ամեն ինչ անկազմակերպ էր: Մենք կանգնեցինք հենց առաջին պատահած տան մոտ և տանտիրոջ հետ փորձում էինք փորել փլատակները: Չունեինք ո՛չ բան, ո՛չ ուրիշ գործիք: Օգտագործում էինք ձեռքի տակ եղածը՝ պատառաքաղներ, գդալներ, խոհանոցային այլ պարագաներ, դույլեր: Մարդիկ փորձում էին փորել ձեռքերով: Ես առանց եղունգների մի քանի մարդ եմ նույնիսկ տեսել: Ինչպիսի ուրախություն էր, երբ որևէ մեկի ազգականին գտնում էին, և նա ողջ էր լինում: Երեք ժամ հետո տան բնակիչների հետ փլատակների տակից հասանք տատիկին: Նա կենդանի էր, նրա դեմքին ոչ մի էմոցիա չկար: Տատիկի ձեռքին շերեփ կար, որը մենք այդպես էլ չկարողացանք հանել.»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում