▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Կուսական» վարչապե՛տ և կուսակիցնե՛ր, դուք մնում եք նույն անգետները, ավելին՝ խղճուկ վիճակի մեջ եք ձեզ գցում»․ Հայր Ասողիկ Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ «ԿՈՒՍԱԿԱՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՅՈՒՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ
Այսօր մտերիմներս որոշ լուրեր և տեսագրություններ ուղարկեցին ինձ ի գիտություն. վերստին ՀՀ վարչապետի և նրա կուսակիցների արտահայտություններն էին: Առհասարակ իմ արդեն իսկ հագեցած ու անբավարար ժամանակից չեմ մսխում լսելու կամ կարդալու նման դատարկաբանություններ ու զազրախոսություններ՝ համեմված հայհոյախոսություններով, որոնք, երբեք, չեն կարող ելնել Հայոց Եկեղեցու հարազատ զավակի բերանից, ավելին՝ երբևէ ծագել ու տեղ ունենալ նրա մտքում ու հոգում:
Սակայն, քանի որ այդ ախտախոսություններն ու տգիտությունները միտված են թունավորելու և մոլորեցնելու շատ բարեմիտ և եկեղեցական կարգերից ու նվիրապետական կառավարչությունից, բնականորեն, անտեղյակ հայորդիներին՝ հարկ համարեցի այս մի քանի լուսաբանող տողերը գրելու ի շահ մեր բարդպաշտ հայորդիների և ի գիտություն ՀՀ «կուսական» վարչապետի ու յուր կուսակիցների:
Նախ՝ դուք՝ «կրթված», և այդպես էլ ճշմարիտ գիտությանն անհաս, անձերդ, որ այսօր զբաղեցնում եք պետական պաշտոններ ու պատգամավորական նստատեղեր՝ որևէ էթիկական, բարոյական ու իրավական իրավունք չունեք մտնելու, առավել ևս խոսելու մի բնագավառից, որից անգամ գաղափար չունեք: Անգամ Ճեմարանն ավարտած և ամենօրյա կանոնավոր աստվածպաշտությամբ կերտված հոգևոր անձերս մեզ իրավունք չենք վերապահում մտնելու կամ խոսելու եկեղեցական-կանոնական որոշ հարցերի ու խնդիրների վերաբերյալ, քանի որ դրանք քննվում և լուծում են գտնում տևական ուսումնասիրությունների, քննարկումների և աղոթական մտասևեռումների արդյունքում՝ համապատասխան ժողովական դասերով:
Ուստի խոսել՝ ձեռքում վեր պահելով «Կանոնագիրք Հայոց»-ը կամ «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց»-ը, կամ էլ անխոհեմաբար մեջբերելով որոշ կանոներ, դուք մնում եք նույն անգետները, ավելին՝ խղճուկ, ողորմելի վիճակի մեջ եք ձեզ գցում… Այո, քանի որ ձեզ սխալ են ուղղորդել, ձեզ թերի են ուսուցանում «ձեր հայրերն ու հովանավորյալները», որոնք ձեզ սնեցին, ձեզ անարգել հրապարակ բերեցին և այժմ ձեզ այսպես խաղացնում են, ճոճում են ընդդեմ Հայոց Եկեղեցու և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ նկրտելով Սուրբ Եկեղեցին դարձնել ստորակարգված մի կուսակցություն:
Ի գիտություն ձեզ՝ պարոն Նիկոլ Փաշինյան և կուսակիցներդ, տեղեկացնում եմ, որ ձեր ձեռքերում հայտնված գրքերն այսօր մաս են կազմում զանազան գիտական գրադարակների, որոնք թե հոգևորականներս և թե գիտությամբ զբաղվող անձերը բացում են միայն գիտական ուսումնասիրությունների համար. եկեղեցականի և հավատացյալ անդամի ծառայությունն ու կյանքը կառուցվում ու կարգավորվում է բոլորովին այլ կերպ: Սուրբ Եկեղեցին՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով, կենդանի կանոնակարգյալ ավանդությամբ և Սուրբ Ավետարանի լայնախոհ ու արդար վարդապետությամբ ապրող հաստատություն է, որտեղ նվիրապետական, ծիսական, վարչական, կարգապահական, կենսակերպային կարգերն ու կանոնները հաստատվում ու սահմանվում են Հայրապետաց կողմից, ժողովական կառույցների որոշումներով: Հետևաբար, ձեր բռնած գրքի (ի դեպ այն երկու հատորով է հրատարակվել՝ հատոր Ա. 1964 թ., հատոր Բ. 1971 թ.) կանոններին ԺԹ. (19-րդ) դարում (որպես Մայր Աթոռի Արխիվի տնօրեն, քաջատեղյակ մասնագետ եմ ասում) փոխարինել են Հայոց Եկեղեցու Սինոդի որոշումները, 1924 թ. Գերագույն հոգևոր խորհրդի, ապա՝ Ազգային-եկեղեցական, եպիսկոպոսական ժողովների որոշումները՝ վավերացված Ամենայն Հայոց Կաթողիկոսների ստորագրությամբ և կնիքով, ինչպես նաև՝ այդ և հետագա դարերում գահակալած որոշ Կաթողիկոսների սահմանած կանոններով ու տնօրինություններով (Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի, Տ. Տ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի, Տ. Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան, Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց և այլք):
Արդ, այն ինչ ձեզ թույլ եք տալիս փողոցում, Խորհրդարանում, Կառավարության շենքում կամ այլուր՝ անհեթեթություն է, Տիրոջ կողմից արդեն իսկ դատապարտված դատարկաբանություն է. «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար Դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև՝ քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ. 36-37): Ավելի լավ է, որ դուք գնաք և ջանաք խորամուխ լինել ավետարանական այս ծանր խոսքերի մեկնության մեջ՝ ըստ այդմ ապրելով ու գործելով, եթե, հարկավ, «Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ» եք, «մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի»: Մինչ այս պահը, ցավով ենք արձանագրում, որ դուք ինքնադրսևորվել եք որպես սուտ հետևորդներ, «սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ», որոնք «սնոտի խոսքերով» խաբում ու մոլորեցնում են հասարակությանը՝ ավազակաբար հարձակվելով Սուրբ Եկեղեցու և ողջ հոգևոր դասի վրա: Հակաօրինական ձեր այդ բոլոր խոսքերն ու գործողությունները միմիայն անարգանք են, որոնք ենթակա են աստվածային արդարադատությանը. «Սնոտի խոսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև դրա համար է, որ գալիս է Աստծո բարկությունն անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. Ե. 6): Երանի՜ լինեիք իրավ քրիստոնյաներ և ճշմարտապես իմանայիք և հասկանայիք այս ահեղ խոսքը…
Պարոն Փաշինյան և դուք՝ նրա կուսակիցներդ, կանգ առեք և գնացեք զբաղվեցեք ձեր բուն աշխատանքներով, որին կոչված եք ձեզ տրված ժամանակով: Եվ թող բնավ ձեր սիրտն ու հոգին և միտքը չմթագնվի այն անսասանելի իրողությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հենց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն է, ով տարիներ շարունակ իմաստուն և բծախնդիր առաջնորդում է Հայոց Եկեղեցին՝ անեղծ պահպանելով մեր սուրբ և ուղղափառ հավատքն ու վարդապետությունը, կարգավորյալ պահելով եկեղեցական նվիրապետությունն ու ներքին կառույցը, կառուցելով ու շենացնելով հայ հոգևոր կյանքը և եկեղեցական անդաստանը, բարձր պահելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային ասպարեզներում, վերջապես՝ միշտ պահելով ու պաշտպանելով ազգային և պետական բարձրագույն շահերը՝ որպես առհավատչյա մեր ազգի և պետության լինելիության:
Բավական է ձեր տասնյակ տարիների ՍՈՒՏԸ, որով հեղեղել եք հայ Մամուլը և խեղել հասարակությունը՝ պարսավելով Հայոց Հայրապետին և Նրա եկեղեցական հարազատներին. մենք՝ ուխտապահ և արժանապատիվ հոգևորականներս, գիտենք ով է մեր Հովվապետը, ովքեր են Նրա եկեղեցական հարազատները: Մենք քաջ գիտենք նրանց՝ իրենց ողջ օրհնյալ կյանքով և մեծ ու փառապսակ գործերով ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի նպաստ ազգի ու Հայրենիքի: Եվ մենք այդ ամենի մասին մենք գոհությամբ վկայում ենք և այդ ամենն ի տես է ամենքին:
Որպես հոգևորական իմ սիրալիր հորդորն է ձեզ՝ ուղեկորույս անձերիդ, կա՛նգ առեք, և ապաշխարեցե՛ք, հանեցե՛ք քաղաքական ձեր կեղծ պատմուճանը և նայեցե՛ք ձեր հոգիներին:
Հիշեցե՛ք, որ մի օր՝ այլևս ոչ որպես պաշտոնյաներ, «պատառոտված» այդ պատմուճանով հայտնվելու եք դրսում՝ փողոցում: Մի զրկեք ձեզ աստվածային օրհնությունից այժմ և հավիտյանս:
Աղոթարար՝
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее