2017 թ-ի սեպտեմբերի 9-ին, 18.00 «Յանս» ակումբում տեղի կունենա «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ - 2017» չորրորդ ամենամյա մրցանակաբաշխությունը զբոսաշրջության ոլորտում, որն իրականացվում է «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագրի կողմից:
Մրցանակաբաշխությանը կներկայացվեն 12 անվանակարգեր, իսկ հաղթողներին կհանձնվեն Մարգարիտա Մատուլյանի հեղինակային բրոնզե արձանիկները:
Անվանակարգերն են՝
«Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծ», «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա նախագիծ», «Տարվա տուրիստական նախագիծ», «Տարվա էքսկուրսավար», «Տարվա տրանսպորտային կազմակերպություն», «Տարվա թանգարան», «Տարվա հանգստյան տուն», «Ներգնա տուրիզմի տարվա տուրօպերատոր», «Տարվա ռեստորան», «Արցախի Հանրապետության տարվա հյուրանոց», «Հայաստանի տարվա հյուրանոց» և «Տարվա հանգստյան գոտի - քաղաք»:
Մրցանակաբաշխությունը կվարեն դերասանուհի, հաղորդավարուհի՝ Նազենի Հովհաննիսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, «Կոմիտաս» շքանշանի մեդալակիր՝ Սարգիս Նաջարյանը, իսկ համերգային մասը կապահովի Հայաստանի Պետական Ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Կատարումներով հանդես կգան հայկական էստրադայի հայտնի և սիրված արտիստներ՝ Գրիգոր Կյոկչյանը, Վիգեն Հովսեփյանը, Մարինե Հակոբյանը և Մհեր-Արմենիան:
Մրցանակաբաշխության նպատակն է՝
Գնահատել զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքը: Հաղթողների համար մրցանակը խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ (ներկայացուցիչներ), կառավարության, բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, գիտության, մշակույթի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Կիրիլովիչ Վոլինկինը:


