Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարևորելով քաղաքային զբոսաշրջության զարգացումը, հատկապես այդ ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այցելել ենք «Դալմա Մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը։
Հաջորդիվ այցելել ենք Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը համարվող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինի արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը:
Ներդրումային ծրագրեր են ներկայացվել նաև
Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի զարգացման հետ կապված:
Նախաձեռնությունների նպատակը մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին լիարժեք և պատշաճ ներկայացնելն է:
ՀՀ կառավարության ղեկավարի հետ պայմանավորվել ենք ներգրավել նաև միջազգային փորձագետների, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք առավելագույն կընդգծեն մեր քաղաքի վերոնշյալ վայրերի զբոսաշրջային գրավչությունը» :


