
Արդեն տեղեկացրել ենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտարարվել էր քվեարկություն՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման վերաբերյալ, սակայն այն բանից հետո, որ 75%-25% ձայների հարաբերակցությամբ դեմ ձայները գերակշռող էին, քվեարկությունը կասեցվել է:
Այս առիթով «Ասպարեզ» լրագրողների ակումբի հիմնադիր և նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կրթության եւ գիտության հարմարվողական նախարարը լավ կլինի այս խայտառակ ձախողումից հետո հրաժարական տա
Ահա դպրոցների ռուսականացման նախագծի դեմ քվեարկության արդյունքները, էս էլ հո կառավարական կայքում է, մենք չենք լցոնել, ոչ էլ կոտրել ենք կայքը, այսօր հանրային քվեարկության ավարտն էր: Ռուսականացման կողմնակիցները սկզբում էին թափով քվեարկել, հասել էին 57 տոկոսանոց «կողմի», բայց անցած օրերին ստացան արժանի պատասխանը, ավելի գեշ կարող էին ստանալ, եթե ալարկոտություն շատ չլիներ մերոնց մեջ. 25%-կողմ է ռուսականացմանը (իրենք դրան խորացված ուոսւցում են ասում, քողարկելով բուն նպատակը), 75%՝ դեմ:
Այսպես հանրապետականները եւ յարմարվողականները մեզ բաժանեցին մերոնց ու իրենց: Մենք մեղավոր չենք: Մասնագետները հարյուր անգամ բացատրեցին, որ օտար լեզուների զարգացման եւ ուսուցման հայեցակարգեր մշակելու դրա համար հսկայական հանրային միջոցներ ծախսելու փոխարեն նախ հարկավոր էր հայոց լեզվի խորացված եւ որակյալ ուսուցման կատարելագործման հայեցակարգ մշակել, բացատրեցին, որ ռուսերենը ոչ մի կերպ դոմինանտ կամ նախընտրելի չի կարող համարվել ոչ գիտության, ոչ գործարարության, ոչ երազանքների համար, լեզու էլի, որով խոսում է մի 300 մլն մարդ: Չհասկացավ նախարարը կամ էլ չհասկանալու տվեց, ժպտում էր օտար նախարարի շվաքին, երեխաներին էր հանել պարեցնում ...
Հիմա այս քվեարկությունը, որը անշուշտ իրավական ուժ չունի եւ ընդամենը մի շառաչուն չափալախ է, եկավ ապացուցելու, թե որքան անկապ էր նախարարի եւ շեֆերիմտահղացումը հանրության հետաքրքրություններին եւ կարիքներին:
Կրթության եւ գիտության նախարարը լավ կլինի այս խայտառակ ձախողումից հետո ընդհանրապես հանի շրջանառությունից այդ նախագիծը, ներողություն խնդրի եւ հրաժարական տա: Հակառակ դեպքում կստացվի ինչպես միշտ՝ հանրությունը մի բան է ասում, իշխանությունը հակառակն է անում»:



